‘«Ռեալը» կորցրեց Կասիլյասին, մնաց ինն հոգով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ’

1149

Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Վալենսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ: Մադրիդցիները առաջին խաղում հաղթել էին 2:0 հաշվով, այնպես որ նրանք դուրս եկան կիսաեզրափակիչ եւ այժմ սպասում են «Մալագա» — «Բարսելոնա» մրցավեճի հաղթողին:

Վալենսիայում կայացած հանդիպումը մարզական առումով շատ քիչ ինտրիգ էր պարունակում. չափից դուրս մեծ էր խաղամակարդակների տարբերությունը հօգուտ «Ռեալի»: Փոխարենը հանդիպումը մթագնվեց մի շարք տհաճ պահերով:

Առաջին հերթին, դա Իկեր Կասիլյասի վնասվածքն էր, որի պատճառով նա ստիպված էր խաղադաշտը լքել արդեն 15-րդ րոպեին: Ընդ որում, վնասվածքը նրան հասցրեց հենց իր թիմակիցը՝ Ալվարո Արբելոան:

Իսկ երկրորդ խաղակեսում մրցավարը նախ 51-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի դաշտից հեռացրեց «Ռեալի» պաշտպան Կոենտրաուին, 88-րդ րոպեին՝ ոչ մարզական վարքի համար՝ «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիային: Թերեւս սրանք էին հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները:

Իսպանիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ, երկրորդ հանդիպում 

«Վալենսիա» — «Ռեալ»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Տինո Կոստա, 52 – Կարիմ Բենզեմա, 44

Նախորդ հոդվածը‘Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘«Երկաթյա տրամաբանության» մրցանակաբաշխություն (լրացված)’