‘
Տասնյակ մարդիկ վիրավորվել են այսօր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև Կահիրեի կենտրոնում ծագած բախումների արդյունքում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հակամարտող կողմերը միմյանց վրա քարեր են շպրտում Թահրիր հրապարակի շրջակայքում: Շտապ օգնության ավտոմեքենաները վիրավորներին տեղափոխում են հիվանդանոցներ:
Այսօր առավոտյան Թահրիր հրապարակում դարձյալ պաստառներ են հայտնվել, որոնք այնտեղից դուրս էին բերվել մեկ ամիս առաջ, իսկ դրանց տեղում նորատունկ ծառեր ու թփեր էին հայտնվել: Բուրգերի երկրի ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ մասնակցել են այսօրվա հանրահավաքին՝ արտահայտելով իրենց դժգոհությունը Մուրսիի վարած քաղաքականության նկատմամբ, որը, նրանց կարծիքով, ձախողվել է «իր կառավարման առաջին իսկ օրվանից» և ամենևին չի բարելավել եգիպտացիների կյանքը: Մինչդեռ իսլամիստները, «պաշտպանելով Մուրսիին նրանց ոտնձգություններից, ովքեր փորձում են խոչընդոտել նոր պետության կայացմանը», քանդել են Թահրիրի հրապարակում տեղադրված հարթակը և սկսել են քարկոծել լիբերալ ակտիվիստներին: Ներկա պահին Կահիրեում անկարգությունները շարունակվում են: Նախագահական նստավայրի շուրջ խստացվել են անվտանգության միջոցառումները: Բողոքի զանգվածային գործողություններ են տեղի ունենում նաև Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում:
‘