‘Զարմանում, զայրանում, առաջարկում ենք. Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունը’

750

Ամեն տարեվերջին ու տարեսկզբին, կարծես ավանդույթ է դարձել, ի շարս այլ խնդիրների, քննարկել նաև մրցաշրջանի լավագույն տասը մարզիկներին որոշելու կարգն ու քվեարկության արդյունքները:
Բացառություն չէր նաև Մրցաշրջան 2012-ը:
Ողջունելով, հունվարի 25-ին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անդամների ու մարզական մի շարք լրագրողների մասնակցությամբ՝ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով ընտրության և լավագույններին որոշելու նոր, առավել անխոցելի կարգ սահմանելու շուրջ տեղի ունեցած քննարկումը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակում է իր դիտարկումները.
1/ Առաջարկում ենք, քվեարկությունների փոխարեն, սահմանել հստակ գործող կարգ, որով Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում Հայաստանը ներկայացնող մարզիկները, ըստ նախապես հաստատված աղյուսակի, կհավաքեն համապատասխան բալեր և տարվա ավարտի հանրագումարով կզբաղեցնեն համապատասխան հորիզոնականներ՝ լավագույն մարզիկների ցուցակում:
Արդեն մի քանի տարի այս սկզբունքով է առաջնորդվում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ տարվա լավագույն մարզիկներին ու մարզիչներին ընտրելիս և դրա մանրամասներին մամուլի հաղորդագրություններով տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, բոլոր լրատվամիջոցներին: /Ցուցակները՝ կից փաստաթղթերով, հաշվարկային աղյուսակներով, մեր պաշտոնական կայքում. http://www.sambo.am/full_news.php?id=174
2/ Ցավալի է, որ վերը նշված՝ հունվարի 25-ի հանդիպում-քննարկումը լուսաբանող որոշ լրատվամիջոցների հրապարակումներում, սամբո մարզաձևի հետ կապված կոպիտ անճշտություն է տեղի ունեցել: Մասնավորապես, «Արմնյուզ» հեռուստաալիքի եթեր հեռարձակած, ապա կայքում տեղադրած տեղեկատվության մեջ կա հետևյալ միտքը.
«Քննարկման ընթացքում խնդրահարույց դարձավ նաև ուշուիստների ու սամբիստների խնդիրը: 10 լավագույնների ցուցակում կար սամբիստ, իսկ ուշուիստ ընդանրապես չկար: Սա այն դեպքում, երբ սամբոյի առաջնությանը մասնակցել էր 14 երկիր, իսկ ուշույի առաջնությանը 64-ը: Ստացվում է 14-ից հաղթող դուրս գալը ավելի բարդ է, քան 64-ից:»
http: //www.armnewstv.am/hy/1359119448
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամբողջությամբ հերքում է նման տեղեկատվությունը և հայտարարում.
ա/ Տեղեկատվությունից որևէ կերպ չի հասկացվում, թե սամբոյի ո՞ր առաջնության մասին է խոսքը. Եվրոպայի՞, աշխարհի՞, թե՞…: Այդ ի՞նչ առաջնություն է, որին մասնակցել է ընդամենը 14 պետություն:
Այնուամենայնիվ, ենթադրելով, որ տեղեկատվության հեղինակն ի նկատի է ունեցել Սամբոյի աշխարհի 2012թ. առաջնությունը, քանի որ Հայաստանի 10 լավագույններում ընդգրկված, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր Վաչիկ Վարդանյանն այդ առաջնությունում էր արժանացել արծաթե մեդալի, պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ առաջնությանը մասնակցել է 55 պետություն: Եթե մարզական լրագրողը մի փոքր ճիգ գործադրեր, կարող էր համոզվել, որ գոնե վերջին 20 տարիներին, երբ ՀՀ-ն առանձին հավաքականով սկսել է մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, չի եղել մի դեպք, որին մասնակցեր ընդամենը 14 երկիր:
Որպես օգնություն, առաջարկում ենք ուսումնասիրել հետևյալ կայքերը.
sambo-fias.org, sambo.ru, sambo.am, sambo.spb.ru և այլն:
բ/ Հարգանք տածելով ուշու մարզաձևի բոլոր երկրպագուների, մարզիկների և մրցանակակիրների հանդեպ, գտնում ենք, որ տեղին չէ համեմատել այս երկու մարզաձևերը, որովհետև, ի տարբերություն ուշուի և շատ այլ մարզաձևերի՝ սամբոն հենակետային մարզաձև է, ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ճանաչված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, Հայաստանի տարածքում գործում են սամբոյի բազմաթիվ մարզադպրոցներ, որոնք նույնպես ֆինանսավորվում են պետության կողմից:
գ/ Մեր որոշ լրագրողների տեղեկատվական բացը լրացնելու համար նաև հավելենք, որ հայ ուշուիստները 2012թ. աշխարհի առաջնությանը չեն մասնակցել, այլ միայն՝ Եվրոպայի: http://www.panarmenian.net/arm/news/137987/
դ/ Թեև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություններով լրատվամիջոցներին ու հանրությանը պարբերաբար տեղեկացնում է միջազգային մրցասպարեզներում հայ սամբիստների հաջողությունների մասին, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտնել, որ մեր մարզիկները Մրցաշրջան 2012-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում նվաճել են 38 մեդալ, երկու թիմային գավաթ` պատանիների և երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում երրորդ տեղը գրավելու, ևս մեկը` մեծահասակների թիմային առաջնությունում 5-րդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար: ԵՎ զարմանալի է, որ կան լրագրողներ, ովքեր՝ լավագույնների շարքում սամբիստի անուն-ազգանուն տեսնելիս, զարմանում են:
դ/ Հուսով ենք «Արմնյուզ» հեղինակավոր հեռուստաալիքը կշտկի բացթողումը և հանդես կգա համապատասխան հերքումով:
ե/ Պահանջում ենք, որպեսզի այս լրատվությունը հրապարակի նաև armsport.am կայքը, որովհետև, ըստ քննարկմանը մասնակից լրագրողների, հնչած ապատեղեկատվության հեղինակը այդ լրատվամիջոցի լրագրող Արթուր Նազարյանն է եղել, նշված է ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիները, նախկինի պես, իրավիճակը երկրում համարում են անկայուն’
Հաջորդ հոդվածը‘Իրանի հարցով «վեցյակի» հանդիպումը հետաձգվել է անցկացման վայրի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով’