‘Զուրաբյան. Համաձայնագրի քվեարկությունը կեղծվել է’

958

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիների առջև հանդես գալով ելույթով՝ հայտարարեց, որ գազի վերաբերյալ համաձայնագրերի քվեարկությունը կեղծված է:

Նա նշեց, որ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից չորսը ներկայացնում են ընդդիմությունը, որոնք, ըստ էության, ներկա չեն եղել քվեարկության ընթացքին: «ԱԺ նախագահը հայտարարեց քվեարկության կեղծված արդյունքները: Չկա որեւէ մարմին, օրինական ատյան, որը արձանագրի քվեարկության արդյունքները»,- հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով, որ հաշվիչ հանձնաժողովի երեք անդամները լիազորված չեն նման որոշում ընդունելու: «Այս համաձայնագրի քվեարկությունը կեղծվել է»,- հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով, որ մենք այսօր ականատես եղանք օրենքների կոպտագույն ոտնահարմանը:

Զուրաբյանը նաեւ հավելեց, որ քվեարկությանը չմասնակցած ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները այժմ կհավաքվեն Աժ-ում՝ մշակելու համար համատեղ հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ականների էլեկտրոնային քարտերը, ինչի պատճառով պատգամավորները էլեկտրոնային եղանակով քվեարկել չեն կարող: Հովիկ Աբրահամյանը, հղում կատարելով ԱԺ կանոնակարգ օրենքին՝ ձեռքով քվեարկություն էր կազմակերպել՝ ձեւավորելով հաշվիչ հանձնաժողով, որը պետք է հաշվի քվեարկության արդյունքները: Հաշվիչ հանձնաժողովի պարտադիր մաս կազմող ոչ իշխանական անդամներ, սակայն, դահլիճում ներկա չեն գտնվել, ինչն էլ քվեարկությունը ոչ լեգիտիմ է դարձնում: 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է. « Տեղի ունեցավ ապօրինի քվեարկություն, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը առգրավված էին եւ նրանք քվեարկեցին ձեռքով առանց հաշվիչ հանձնաժողովի»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է ՌԴ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. 4 խմբակցությունների ղեկավարների ասուլիս, կազմում են արձանագրություն ‘