‘
Չկա հանդիպում, ուր Հայաստանի բարձագույն ղեկավարությունը սիրիահայերի հարցը չբարձրացնի: iLur.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի այն հարցին, թե ինչ է արվում սիրիահայերին օգնելու համար:
«Չեմ կարծում, որ այդ հանդիպումների քննարկումները հրապարակայնացնելը նպատակահարմար է: Եթե որևէ մեկը տեղյակ չէ, չգիտի՝ ինչ է արվում, ինչ չի արվում, պետք չէ ենթադրություններ անել: Արվում է հնարավորը: Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս հայտարարել են լայնածավալ միջոցառումների մասին»,- ասաց Նալբանդյանը:
Նա հատկանշական է համարում, որ Հայաստանի հյուպատոսությունը միակն է, որ գործում է Դամասկոսում:
«Չնայած այս բարդ իրավիճակին՝ մեր հյուպատոսարանը գործում է, որովհետև պետք է սիրիահայությունն իմանա, որ կա հայրենիքի ներկայացուցչությունը, և անհրաժեշտության դեպքում համապատասխան աջակցություն կառող է ցուցաբերվել իրենց»:
‘