‘Յասիր Արաֆաթի աճյունի արտաշիրմումը նշանակված է նոյեմբերի 26-ին ‘

916

Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նրա աճյունի արտաշիրմումը կկատարվի նոյեմբերի 26-ին, այս մասին, «Ռոսբալտի» փոխանցմամբ, հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները՝ հղում անելով  դիվանագիտական շրջանակներում իրենց աղբյուրներին: Ըստ այդմ՝ շվեյցարական Լոզան քաղաքի ռադիոֆիզիկայի ինստիտուտի մի խումբ փորձագետներ ժամանել են Հորդանան գետի Արևմտյան ափ, որտեղ գտնվում է Արաֆաթի դամբարանը: Նախատեսված է, որ շվեյցարացի գիտնականներին է միանալու նաև դատաբժիշկների պատվիրակությունը Ֆրանսիայից, որոնք պաղեստինյան առաջնորդի մահվան անկախ հետաքննություն են վարում: Մասնագետներին հնարավորություն կտրվի քննության համար Արաֆաթի  աճյունից փորձանմուշներ վերցնել ընդամենը մեկ անգամ:

Հիշեցնենք, որ Պաղեստինի ազգային կառավարության հիմնադիր և առաջին ղեկավար, Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին մասնակցելու համար Նոբելյան մրցանակի արժանացած Յասիր Արաֆաթը մահացել է 2004 թ. նոյեմբերի 11-ին Փարիզի մերձակա ռազմական հոսպիտալում: Նրա մահվան պատճառների պաշտոնական հետաքննությունն սկսվեց այն բանից հետո, երբ անցյալ ամառ քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտարարեց, որ Արաֆաթի անձնական իրերում և կենսահեղուկների փարձանմուշներում պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը՝ սիրահայերի խնդրի մասին. Արվում է հնարավորը ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Յանուկովիչին ‘