‘Էթիկայի հանձնաժողովի կազմը կհավասարակշռվի’

666

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 13-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին: Կառավարության որոշմամբ օրինագիծն ընդգրկվել է ԱԺ դեկտեմբերի 17-ին գումարվելիք արտահերթ նստաշրջանի օրակարգում։

Հեղինակների հիմնավորմամբ, նախագծով առաջարկված փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով։

ԱԺ բոլոր 6 խմբակցությունների մեկական ներկայացուցչից կազմավորված Էթիկայի հանձնաժողովում քաղաքական կոալիցիայի` ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների, ներկայացուցիչները ներկայումս, ըստ էության, հայտնվել են փոքրամասնության կարգավիճակում: ԱԺ-ի առաջին նստաշրջանի սկզբում, կանոնակարգ-օրենքի համաձայն, իրենց ընդդիմադիր լինելու մասին հայտարարած «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ, «Ժառանգություն», ինչպես նաև որպես այլընտրանք հանդես եկող «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովում քվեարկությունների ժամանակ, որպես կանոն, միակարծիք են:

Գործող կանոնակարգ-օրենքի համաձայն` հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Նախագծի համահեղինակները` հանրապետական Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը, հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու նպատակով առաջարկում են այս դրույթում լրացուցիչ ամրագրել, որ որոշումներն ընդունվելու համար անհրաժեշտ է նաև, որպեսզի կողմ քվեարկեն ոչ իշխանական և իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ:

Փոփոխություններ են առաջարկվում նաև Էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգում: Ներկայումս, եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով` օրենքով սահմանված կարգով, ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թիվը հավասարեցնելու նպատակով: Հեղինակներն առաջարկում են գործող կարգում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով: Սա, թերևս, պայմանավորված է ներկայիս իրավիճակով: Ինչպես արդեն նշել էինք` ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր չի հայտարարել, սակայն իշխանական չէ, ինչի արդյունքում ընդդիմադիր են 3, իսկ ոչ իշխանական` 4 խմբակցություններ:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կնշանակի, որ ոչ իշխանական խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է իշխանական խմբակցությունների ընդհանուր թվից երկուսով, և կկիրառվի հանձնաժողովի կազմը համալրելու հետևյալ սկզբունքը. այդ տարբերությունը կազմող տեղերում մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը կպատկանի իշխանական խմբակցություններին:

Բացի այդ, առաջարկվում է խմբակցությունների ստեղծման կարգն ամրագրող` կանոնակարգ-օրենքի հոդվածում կատարել հետևյալ լրացումը. «Խմբակցությունը համարվում է իշխանական, եթե խմբակցություն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձը ընդգրկված է Կառավարության կազմում կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու և ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ: Ընդդիմադիր, ինչպես նաև սույն պարբերությունում նշված հատկանիշներին չհամապատասխանող մյուս խմբակցությունները համարվում են ոչ իշխանական խմբակցություններ»:

Ըստ՝ Փաստինֆոյի

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ՊՆ-ն ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ պատերազմում ախալների քննությանը’
Հաջորդ հոդվածը‘ Մովսիսյանը պաշտոնապես դարձավ «Սպարտակի» խաղացող’