‘«Էժան գազի» թանկ գինը. Մամուլ’

963

Առաջին հայացքից՝ Ռուսաստանը Հայաստանին էժան գազ է մատակարարում։ Բայց միայն՝ առաջին հայացքից։ Եթե իրավիճակը դիտարկենք մի քիչ ավելի խոշորացված պատկերի վրա, ապա այդ փաստարկը նույնպես չեզոքանում է։ Որքա՞ն ենք մենք իրականում վճարում «էժան գազի» դիմաց, որքա՞ն է մեզ վրա նստում այդ «էժան գազը», ի՞նչ է ստացել Ռուսաստանը մեզ տված «էժան գազի» դիմաց։

Թվարկենք։ Ռուսաստանին է պատկանում Հայաստանի ամբողջ գազաբաշխիչ համակարգը։ Ռուսաստանին է պատկանում էլեկտրաէներգիայի ամբողջ բաշխիչ համակարգը։ Ռուսաստանի տնօրինության տակ է գտնվում Հայաստանի ամբողջ երկաթուղին։ Ռուսաստանին է պատկանում Հրազդանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ բլոկը, Սևան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադը….։ Որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե ինչ արժե մեր գազաբաշխման համակարգը` խողովակների իր հարյուրհազարավոր կիլոմետրերով։ Կամ էլէներգիայի բաշխման համակարգը` իր միլիոնավոր կիլոմետրերի հասնող հոսանքալարերով։ Իսկ ի՞նչ արժե Սևան-Հրազդան կասկադը, որտեղ արտադրված էլէներգիան գրեթե զրոյական ինքնարժեք ունի, և դրա սեփականատիրոջը աստղաբաշխական շահույթներ է ապահովում…։

Եվ եթե այսպես հաշվենք, կստացվի, որ աշխարհի ամենաթանկ գազը Հայաստանին մատակարարվող ռուսական գազն է։ Բայց սա միայն նյութական տեսանկյունից։ Մեզ վրա «էժան գազը» շատ ավելի թանկ է նստում, երբ հաշվարկների մեջ ենք մտցնում պատկերավոր ասած ոչ նյութական արժեքները, որ տալիս ենք Ռուսաստանին։ Օրինակ՝ հետևողականորեն կեղծվող ընտրություններ, արդեն անտրամաբանական մակարդակի հասած կոռուպցիա, երկրի գերանարդյունավետ կառավարում, իրավապահ և դատական մարդակեր համակարգ, մոնոպոլիզացված տնտեսություն…։ Այդ ամենը նույնպես ռուս-սովետական «արժեքներ» են, որոնցից մենք չենք կարողանում ազատվել նաև այն պատճառով, որ ոչ մի կերպ չենք կտրում մեր պորտալարը «էժան գազ» տվող և այդ «արժեքների» գեներատոր հանդիսացող Ռուսաստանից։ Դա էլ դժվար չէ ապացուցել. Ովքեր կտրել են այդ պորտալարը՝ Բալթյան երկրներն ու Վրաստանը, այլևս նման խնդիրներ չունեն։ Այսինքն, այդ «էժան գազի» դիմաց մենք բացի նյութական արժեքներից վճարում ենք նաև մեր ներկայով և սերունդների ապագայով։ Թանկ, չափազանց թանկ, աննկարագրելի թանկ գին ենք վճարում «էժան գազի» դիմաց»,–գրում է այսօրվա համարում «ՀԺ»-ն։

Նախորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Տաքսի ծառայությունները հայտնվել են ՏՄՊՊՀ տեսադաշտում. Մամուլ’