‘Ընտրվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքի 5 թեկնածուները’

1255

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հունվարի 23-ին ընտրվել են պատրիարքի հինգ թեկնածուները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գաղտնի քվեարկությամբ ընտրվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (21 ձայն), պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը (16 ձայն), Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը (18 ձայն), Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը (15 ձայն) և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը (15 ձայն):

Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները՝ թվով երեսուներեք հոգևորական: 

Պատրիարքի վերջնական ընտրությունն ընթանալու է երկու փուլով: Առաջին փուլում գաղտնի քվեարկությամբ ընտրվում է հինգ թեկնածու, որոնք կհավաքեն ամենաշատ ձայները:

Համաձայն Երուսաղեմի Ուխտի կանոնադրության (1882թ.)՝  պատրիարքի թեկնածու կարող են լինել Սրբոց Հակոբյանց միաբանության՝ երեսունհինգ տարին լրացած վարդապետներն ու եպիսկոպոսները:

Ընտրության երկրորդ փուլում պատրիարք է ընտրվելու հինգ թեկնածուներից մեկը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ` կեսից ավելի, իսկ պատրիարքի գահակալման  օրը կորոշվի ընտրությունից հետո: Հունվարի 25-ին պատրիարքարանում  կանոնադրական բարեփոխումների մասին ժողով կգումարվի:

Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի (1990-2012) վախճանից հետո: 

Նախորդ հոդվածը‘Ռուսական ՄԻԳ-29 կործանիչները Հայաստանում (ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Գյումրիում ստիպում են մարդկանց՝ մասնակցել փետրվարի 18-ի քվեարկությանը’