‘Ըստ Տիգրան Սարգսյանի` կուտակային կենսաթոշակային համակարգը ուժեղացնելու է քաղհասարակությունը’

727

Ազգային ժողովը ձայների 70 կողմ, 40 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2014թ պետական բյուջեն: «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին:  

Քվեարկությունից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա նշեց, որ գալիք 2014 թվականին Հայաստանի տնտեսության համար կարեւոր մի քանի գործոններ կան: Նախ, նրա խոսքով, հիմնական մարտահրավերը Մաքսային միությանը միանալու գործընթացն է, որը մեծածավալ աշխատանք եւ օրենսդրական փոփոխություններ է ենթադրում պետական կառույցների համար:

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցությունն իր հետ առավելություն է բերելու, մասնավորապես՝ թեթեւ արդյունաբերության, կոնյակագործության, ՏՏ ոլորտներում:

«Մաքսային միության տարածքում պետք է վերականգնենք կոշիկի եւ տեքստիլ արդյունաբերության արտադրության արտահանման նախկին տեմպերը», — ասաց վարչապետը:

Նրա խոսքով, հաջորդ առաջնահերթությունը բիզնես միջավայրի բարելավումն է`վարչարարության բարելավումը:

Տիգրան Սարգսյանն ընդարձակ անդրադարձ կատարեց նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման խնդրին:

Նրա խոսքով, կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելն անխուսափելի է, քանի որ պետությունը չի կարող լուծել ծերացող հասարակության կենսաթոշակների խնդիրը: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ աղքատության նվազագույն շեմից բարձր կենսաթոշակ վճարելու համար պետությանը լրացուցիչ 270 միլիարդ դրամ կպահանջվի, ինչի համար կառավարությունը ստիպված է լինելու կտրուկ բարձրացնել սոցիալական վճարների չափը եւ ավելացնել կենսաթոշակային տարիքը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ սա անտանելի բեռ կլիներ պետության համար:   

Ըստ վարչապետի՝ մինչ այժմ գործող` սերունդների համերաշխության սկզբունքը արդարացի չէ, քանի որ հաշվի չի առնում մարդու անձնական վաստակը կենսաթոշակ ստանալիս: Իսկ կուտակայինը, նրա խոսքով, արդար է, քանի որ մարդկանց տարիների վաստակը հաշվի կառնվի, բացի դրանից` երիտասարդ տարիքում խթան կդառնա ավելի լավ աշխատելու համար:
«Տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են ՀՀ տնտեսությունը, որովհետեւ մենք ձեւավորելու ենք երկար փողերի շուկա: 275 հազար քաղաքացիները հունվարի 1-ից անցում են կատարում այս համակարգին, 275 հազար քաղաքացիներ ամեն օր հսկելու են իրենց վճարները կառավարող օպերատորներին, պետությանը, այսինքն` ունենալու ենք ավելի պատասխանատու եւ գիտակից քաղաքացիներ», — կուտակային կենսաթոշակային համակարգի «պլյուսները» շարունակեց թվել Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշեց նաեւ, որ  ավելի քան տասը տարի տեւած գործընթացի ընթացքում կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ իրենց տեսակետն են արտահայտել ինչպես կոալիցիոն երեք կառավարությունների անդամները, այնպես էլ ընդդիմախոսները:

Ի պատասխան այս դիտարկման՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ վարչապետի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում: Պատգամավորը հիշեցրեց ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը` խնդիրը քննարկել արտահերթ նիստում, որը տապալեցին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները:

Արծվիկ Մինասյանը վարչապետին հրավիրեց Սահմանադրական դատարան` այնտեղ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկելու համակարգի սահմանադրականությունը:  

Նախորդ հոդվածը‘Միայն համախմբված շարժման դեպքում կառավարությունը հաշվի կնստի հանրության հետ. «Դ!եմ եմ»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների դեմ’