‘Թոխմախներն ու բուռնաշները մեղավոր չեն՝ մեղավորը նրանց պառլամենտ բերողներն են. Մամուլ’

767

«Երեկվա հերոսն անշուշտ Թոխմախի Մհերն էր: Մեր գործընկեր Մհեր Արշակյանը, որ հաստատ անդաստիարակ ու կպչուն լրագրողների թվին չի պատկանում, հայտնվել է սրա «տեսադաշտում» ու ենթարկվել «ծնոտը» կորցնելու վտանգին: Չպատճառաբանված կատաղության նոպա դրսևորած «օրենսդիրը» հետո իր պահվածքը բացատրել է, թե՝ զայրացած էր:

Այսինքն՝ լրագրողներն այսուհետ Աժ պատգամավորներին մոտենալուց առաջ պետք է հետաքրքրվեն նրանց հոգեվիճակով, զգացողություններով, տրամադրությամբ: Ասենք՝ Թոխմախի Մհերին հարց տալուց և մոտենալուց առաջ պետք է կապվեն նրա կնոջ կամ օգնականի հետ՝ պարզեն, թե Մեծն Թոխմախն այդ օրն ինչ տրամադրությամբ է արթնացել, սովա՞ծ է, թե՞ կուշտ, հո բիզնես-գործերը վատ չե՞ն, հո հարևանի հետ չի՞ կռվել: Եվ մանրամասն ինֆորմացիա հավաքելուց հետո զգուշորեն մոտենան «Ձերդ գերազանցությանը» ու ներողամտություն հայցող ձայնով մեղմորեն ձևակերպեն հարցը: Հարցն էլ ձևակերպելիս պետք է մտածեն, որ այն ականջ շոյող լինի, նրա բարեմասնություններն ընդգծող, որ հանկարծ հայտնի կոնգրեսմենը չզայրանա: Այս պարագայում Սամվել Ալեքսանյանի «ազիզները», Արզաքանցյանի անգրագիտությունը, Գալուստ Սահակյանի անկապությունները պարզապես մարգարիտներ են ու լրագրողներին ուղղված բարեկրթության և սիրո դրսևորումներ:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա թոխմախներն ու բուռնաշները մեղավոր չեն՝ մեղավորը նրանց պառլամենտ բերողներն են, որոնք առաջնորդվեցին «հավատարիմ հիմարն ու գողականը անհավատարիմ ինտելեկտուալից լավ է» կարգախոսով և երկրի օրենսդիր մարմինը լցրեցին գաղութների կոնտինգենտով: Այս պարագայում արդեն ոչ ոք մեղավոր չէ, որ կոռուպցիան երկիրն ուտում է, որ ամենակարևոր պոստերում նստածները գլուխ չեն հանում, և պետության համար օրախնդիր հարցերը չեն լուծվում»,- գրում է «Հրապարակը» խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘Բելառուսում ցուցարարները Լուկաշենկոյից պահանջում են «կիսվել Մայբախով» ‘
Հաջորդ հոդվածը‘Կարևորը Արգամիչի գերդաստանի հարմարավետությունն է. Մամուլ’