‘Թուրքագետ. Այն, ինչ լավ է Իրանի համար, վատ է՝ Թուրքիայի համար’

666

«Հստակ է, որ Թուրքիան այս իրադարձությունների համար հող էր նախապատրաստում, երբ մի քանի տարի առաջ մեղադրում էր Իսրայելին պաղեստինցիների ցեղասպանության մեջ և այդ պատճառաբանությամբ խզեց բոլոր հարաբերությունները Իսրայելի հետ: Թուրքիան այսքան ժամանակ դիրքավորվում էր որպես մուսուլման, մասնավորապես՝ արաբական աշխարհի շահերի պաշտպան, նա  մշակութային էքսպանսիա էր իրականացնում՝ Սիրիայի, Եգիպտոսի և արաբական այլ երկրների հեռուստաալիքները ողողված էին թուրքական սերիալներով, իսկ այժմ եկել է Թուրքիայի կողմից ներդրումների պտուղները քաղելու ժամանակը: Վերջինս արաբ ժողովրդի անունից իրեն իրավունք է վերապահում միջամտել Սիրիայի ներքին գործերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ սիրիական ընդվզումը հիմնականում ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի և Քաթարի փողերով, իսկ միջնորդը Թուրքիան է: Ապստամբների մեծ մասը վերապատրաստվել է Թուրքիայում և մտել Սիրիա ու մեծ քանակությամբ զենք-զինամթերք փոխադրել հենց թուրքական տարածքով:

«Այս հարցում Թուրքիան չի կարող պնդել իր չեզոքությունը, հստակորեն այս ամենն արվում է ոչ թե Սիրիայի դեմ, այլ Իրանի՝ վերջինիս տարածաշրջանային ուժը նվազեցնելու նպատակով: Քանի որ այն, ինչ լավ է Իրանի, վատ է Թուրքիայի համար: Աֆղանստանից, Պակիստանից, Իրաքից հետո Սիրիան Իրանի հետ սահմանակից հաջորդ երկիրն է, Իսկ Սիրիայի հետ հարցերը լուծելուց հետո հերթը կհասնի Իրանին»,- մեկնաբանեց թուրքագետը:

Ըստ նրա՝ դեպքերի նման ընթացքը բավականին ձեռնտու է Իսրայելին, ԱՄՆ-ին և իհարկե՝ Թուրքիային: Բանախոսը չի կարծում, որ թուրք-սիրիական այս թնջուկը կարող է դառնալ 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ, սակայն այն աջակից գործոն կարող է հանդիսանալ թե՛ Արցախում լարվածության ստեղծման, թե՛ Իրանի նկատմամբ հարձակման, թե՛ ԱՄՆ-ում որևէ մի սկանդալային սպանության համար: Այնուամենայնիվ, ըստ թուրքագետի, մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները՝ այս տարածաշրջանում ռազմական գործողություններ չեն լինի:

Նախորդ հոդվածը‘Հայ-թուրքական արձանագրությունները յուղոտ խաչ քաշեցին «բարեկամ թուրքի» կերպարի քարոզչության վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչը Գերմանիա-Շվեդիա խաղի մասին. Նման բան ես երբեք չէի տեսել’