‘Թուրքագետ. 2015 թվականին Թուրքիայի կողմից մեծ սադրանք է սպասվում ‘

787

«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անցել է երեք տարի, չգիտենք՝ ուր ենք հասել, կարելի է ասել, որ հոնքը շտկելու փոխարեն՝ աչքը հանեցինք, քանի որ հարաբերություններն ավելի վատ են, քան նախքան հայ-թուրքական արձանագրություններից առաջ»,- ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
Նրա հավաստիացմամբ՝ մոտենում է 2015 թվականի Հայող Ցեղասպանության 100-ամյակը, սպասվում է Թուրքիայի կողմից գործողություն՝ մեծ սադրանք, որը կշեղի միջազգային հանրությանը 100 տարի առաջ Թուրքիայի կողմից կազմակերպված Ցեղասպանության ճանաչման խնդրից:
«2015 թվականին նախապատրաստվելիս մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե արդյոք մենք այժմ պատրա՞ստ ենք հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ, արդյոք մենք կարո՞ղ ենք դիմակայել Թուրքիայի նորանոր սանդրանքներին: Որպես օրինակ՝ մի քանի օր առաջ, նախապես պայմանավորվածության արդյունքում, Հայաստանից ուղևորված հումանիտար օգնությունը պետք է զննում անցներ Թուրքիայում, սակայն Թուրքիան այդ փաստը խեղաթյուրեց, ԶԼՄ-ներով տարածվեց ապատեղեկատվություն, թե Թուրքիան այնքան հզոր է, որ կարողանում է հարկադիր վայրէջքի պարտադրել Հայաստանից դեպի Հալեպ մեկնող հումանիտար բեռով օդանավը», — ասաց թուրքագետը՝ նշելով, որ Թուրքիան միջազգային հանրությանը սրանով ապացուցեց, որ ինքն սկզբունքային է և կարող է իր կամքը պարտադրել:

Նախորդ հոդվածը‘«Իմեդի» հեռուստաալիքը վերադարձրել են Պատարկացիշվիլիի ընտանիքին’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը նորից ճանաչվեց հետխորհրդային տարածքում ամսվա լավագույն ֆուտբոլիստ’