‘
Թուրքական բանակի հրետանին այսօր առավոտյան շարունակել է հարվածներ տեղալ սիրիական Թել-Աբյադ բնակավայրի ուղղությամբ, որը Թուրքիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա է, հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները: Հրետակոծության են ենթարկվել մի շարք կառույցներ, որտեղից ականանետները երեկ կրակ էին բացել թուրքական Ակչակալե բնակավայրի վրա, և դրա արդյունքում զոհվել էին հինգ խաղաղ բնակիչներ, տասից ավելի մարդ վիրավորվել էր:
Դամասկոսից հասած տեղեկությունների համաձայն՝ Թել-Աբյադում թուրքական հրետակոծության զոհ են դարձել մի քանի հոգի, այդ թվում՝ զինվորականներ: Ինչպես հայտարարել է թուրքական կառավարության փոխվարչապետ Բյուլենտ Առինչը, «Հարձակման և իր քաղաքացիների սպանության հետ կապված՝ Թուրքիան մինչև վերջ կպաշտպանի իր իրավունքները»: «ՆԱՏՕ-ի կանոնակարգի հոդվածներում խոսվում է դաշինքի անդամների պարտավորությունների մասին՝ այդ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում: Մենք կույր չենք և մինչև վերջ կպայքարենք՝ մեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է Առինչը, ապա ընդգծել. «Թուրքիան ինքնիշխան պետություն է, որի տարածքում հարձակում են գործել նրա քաղաքացիների վրա: Նման դեպքերում միջազգային օրենսդրությունը պատասխան քայլեր է նախատեսում»:
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են գլխավոր շտաբի պետը և ուժային նախարարները:
‘