‘Թուրքիան ձգտում է Անիի ավերակներն ընդգրկել UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում’

1334

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջությաննախարարությունը ցանկանում է արագացնել հայկական պատմական Անի քաղաքի ավերակները UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Ինչպես հաղորդում է Ermenihaber պորտալը, այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Օմեր Չելիքը:

Հայ Բագրատունիների մայրաքաղաքը, որը ժամանակին ստացել է «1000 ու մեկ եկեղեցիների քաղաք» անվանումը, 2012 թվականից ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ Անին իր

տեղը գտնի հիմնական ցուցակում: Ըստ Չելիքի, Թուրքիան կարևորում է այդ մշակութային ժառանգության պահպանումն ու հանձնումը գալիք սերունդներին: Չելիքը մեկնաբանել է նաև Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ամենակարևոր օբյեկտներից մեկը հանդիսացող Անիում կատարվող աշխատանքների մասին: Նա հաղորդել է, որ այստեղ կատարվող աշխատանքներն իրականացնելու են Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոսական կազմից ու միջազգային մասնագետներից կազմված խորհուրդը: Նրա խոսքով Սուրբ Փրկիչ եկեղեցու և Մրենտաճարի վերականգնման աշխատանքներին կներգրավվեն նաև հայ մասնագետներ: Ցանկում ընդգրկվելու է Անիում գտնվող 21 մշակութային օբյեկտ:

Ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում Անիի տակ հայտնաբերվել են նոր շինություններ` ճյուղավորվող կատակոմբաներ, ճգնավորների խցեր, ճյուղավորվող թունելներ, ստորգետնյա ջրատարներ: Ընդհանուր հաշվով, հայտնաբերվել է 823 ստորգետնյա շինություն՝ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Դրանց մի մասն օգտագործվել է որպես եկեղեցական տարածք, իսկ մյուս մասը պատկանել է քաղաքի բարձրագույն խավին:

Բազմաթիվ փորձագետների կարծիքով, UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում Անին ընդգրկելու Անկարայի փորձերը լիովին տեղավորվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարիլիցի նախաշեմին Թուրքիայի ձեռնարկած` Հայաստանի հետ հաշտեցման իմիտացիոն քաղաքականության համատեքստում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիեւ-Օլանդ հանդիպումների ժամանակացույցը’