‘Թուրք փորձագետներն անհանգստացած են ռուսական եւ հայկական օդանավերի հետ կապված միջադեպերից ‘

788

Երեւանից Հալեպ մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռի պլանավորված վայրէջքը Էրզրումի (Կարին) օդանավակայանում բավական մեծ աղմուկ հանեց: Միջազգային լրատվամիջոցներին դեպքն ըստ երեւույթին հետաքրքրեց օրեր առաջ Մոսկվայից Դամասկոս մեկնող օդանավի՝ Անկարայում կատարած հարկադրական վայրէջքի ֆոնին, երբ թուրքական իշխանությունները ինքնաթիռում փնտրեցին ու գտան Սիրիայի կառավարական բանակի համար նախատեսված ռազմական սարքեր:  The Voice of Russia ռադիոկայանը ներկայացրել է որոշ թուրք վերլուծաբանների տեսակետը հայկական ինքնաթիռի հետ առաջացած իրավիճակը՝ նշելով, որ թեեւ այս դեպքում վայրէջքն «այնքան էլ հարկադրական չէր», բայց այնպես էլ չէր, որ շատ «պլանային էր»: Այնուամենայնիվ, վերլուծաբանների կարծիքները կիսվել են այս հարցում:

Այսպես, հիմնականում Ադրբեջանական կառավարությունից ֆինանսավորվող ռազմավարական հետազոտությունների Թուրք-ասիական կենտրոնի (TASAM) փոխնախագահ Մուրատ Բիլխանը կարծում է, ոչ Մոսկվայից, ոչ Երեւանից Սիրիա մեկնող օդանավերի կանգառը Թուրքիայում չպետք է որակվեն որպես ոչ բարեկամական քայլ: «Թուրքիան լարված հարաբերությունների մեջ է Սիրիայի հետ, Թուրքիան անվստահություն եւ մտահոգություններ ունի: Հայկական ինքնաթիռի բեռը հայտարարագրված էր, եւ հայտարարագրում նշված էր, որ բեռը մեկնում է Հալեպ, իսկ Հալեպում ներկայումս մարտեր են ընթանում: Եվ թուրքական կողմը ցանկացել է պարզել՝ թե իրականում ի՞նչ է տեղափոխում ինքնաթիռը: Դրանում ոչ մի խնդիր չկա», — ասել է Մուրատ Բիլխանը:

Փոքր-ինչ այլ կարծիքի է այս հարցում «Թուրքիան 21-րդ դարում» ինստիտուտի դոկտոր Ումիտ Օզդաղը:

«Ինչպես գիտեք, նախորդ օրվանից Թուրքիան եւ Սիրիան փոխադարձ հայտարարել են իրենց օդային տարածքները փակելու մասին: Եվ հայկական օդանավի վայրէջքը՝ Թուրքիայի արգելքի շրջանակներում առաջին քայլն է: Ամենայն հավանականությամբ, իրավիճակը մոտակա օրերին ավելի է սրվելու: Անշուշտ, դրանից կվնասվեն երկու կողմերն էլ, առաջին հերթին՝ տնտեսապես: Քանի որ Սիրիայի օդային տարածքը Թուրքիայի համար առանցքային դեր է խաղում ասիական երկրների հետ կապի առումով: Շատերը հայկական ինքնաթիռի վայրէջքը կապում են ռուս-թուրքական հարաբերությունների հետ, բայց դա վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիրներին: Կարելի՞ է արդյոք այդ քայլը իրավացի համարել՝ դա այլ՝ բավական վիճելի հարց է», — ասել է Օզդալը:

Թուրքիայի խորհրդարանի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նախկին խորհրդական, փորձառու լրագրող Ունալ Ինանչը հարցը քննարկում է բոլորովին այլ տեսանկյունից:

«Գոյություն ունի ոչ այնքան հասկանալիւ մի նախագիծ՝ Մեծ Մերձավոր Արեւելքի նախագիծը: Խոսքը գնում է Թուրքիայում անկարգությունների եւ դրանց հետեւանքով թուրքական որոշ տարածքների վրա քրդական ինքնավարության առաջացման մասին: Վերջին շրջանում դրա շուրջ բանավեճերն ավելի տարածված են դարձել: Այդ ժամանակ, Մոսկվայից թռչող օդանավը հարկադրական վայրէջք է կատարում Անկարայում: Ասում էին, թե այնտեղ զենք կա, բայց ոչ մի զենք էլ չհայտնաբերվեց: Գտան ինչ-որ էլեկտրակակն սարքեր, իբրեւ թե դրանց ծագումը ուսումնասիրվում է: Բայց այդ ընթացքում թուրքական կողմը բացահայտ հայտարարում է զենքի մասին: Բայց չէ՞ որ դա զենք չէ: Մյուս կողմից՝ ասում են, թե իբր սիրիացի օդաչուն օդանավում գտնվող ռուսաստանցի ուղեւորների մասին ոչինչ չի ասել, այդ պատճառով միջադեպի մասին Անկարայում Ռուսաստանի դեսպանությանը տեղյակ չեն պահել: Բայց օդաչուն ասում է, որ նրան նույնիսկ չեն հարցրել՝ ով կա օդանավում: Ինչ վերաբերում է հայկական ինքնաթիռին, ապա այս միջադեպը հարկ է մեկնաբանել սիրիական ինքնաթիռների համար Թուրքիայի իդային տարածքը փակելու որոշման շրջանակներում: Այս ամենն, իհարկե, տհաճ է, եր որոշակի անհանգստություն է առաջացնում շրջապատող երկրների մոտ: Հուսով եմ, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այս միջադեպերի պատճառով խնդիրներ չեն ծագի: Առավելեւս, որ դրա մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Եվ ես ցավում եմ, որ Թուրքիայում այնպիսի դիվանագետներ, ինչպիսին Լավրովն է, չկան»:

 Լուսանկարը՝ AFP-ի

Նախորդ հոդվածը‘ Օրվա ցիտատը Ֆեյսբուքից. Մեսրոպ Մեսրոպյան. Ո՞րտեղ է սկսվում հրազդանցու ողբերգությունը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’