‘ Օրվա ցիտատը Ֆեյսբուքից. Մեսրոպ Մեսրոպյան. Ո՞րտեղ է սկսվում հրազդանցու ողբերգությունը’

1708

Քիչ առաջ դիտեցի Հ1-ի այսօրվա Առավոտ լուսո հաղորդաշարի ձայնագրությունը: Այսօր հաղորդաշարի հյուրն էր Հրազդան քաղաքի, չորս անգամ իբր թե անընդմեջ վերընտրված քաղաքապետ Արամ Դանելյանը: Ես լավ եմ հասկանում , որ մեր իրականության մեջ, այսօր որևէ մեկին կամ որևե բացասական երևույթ քննադատելը շատ ավելի դժվար բան է, քան կարող է թվալ: Քանի որ պետք է լավ տիրապետես քննարկվող հարցին և կարողանաս ճիշտ հարցադրումներ անել, այլապես ասելիքդ կնմանվի զազրախոսության և արժեք չի ունենա հատկապես այն շրջանակներում, որտեղ որոշվում են այն հարցերի լուծումներն ու պատասխանները, որոնց մասին դու բարձրաձայնում ես: Ուստի հենց սկզբից պատահական չի, որ ես ցցուն հեգնանքով սկսեցի խոսքս Հրազդանի առայժմ գործող քաղաքապետ Դանելյան Արամի հասցեին, քանի որ հազարավոր հրազդանցիներ շատ լավ գիտեն թե նա այդ չորս անգամը ինչպես է \”վերընտրվել\”: Բայց ես այսօր այդ մասին չէ, որ կուզենայի խոսել: Պարզապես զարմանալ կարելի է պետական չինովնիկի \”համեստության\” վրա, երբ նա իրեն անպատժելի և անպարտելի է համարում և զգում: Ահա հենց այստեղ է, որ սկսվում է հրազդանցու ողբերգությունը…

Հարցազրույցը լսելուց հետո, ես զարմանքով իմացա, որ Հրազդան քաղաքը մեկ հիմնական խնդիր ուներ մինչև այսօր, այն էլ ՀՀ նախագահի աջակցությամբ արդեն լուծվել է: Խոսքը Հրազդան քաղաքի 24 ժամյա ջրամատակարարմնա մասին է: Մի անգամից վստահ ասում եմ, որ այդ խնդիրը Հրազդանում առ այսօր լուծված չէ: Իսկ թե ինչու՞, թող այս հարցով զբաղվեն համապատասխան պատկան և իրավապահ մարմինները, եթե մենք իսկապես ուզում ենք ստեղծել օրինապահ պետություն: Այս աշխատանքների արդյունքում որոշակի բարեփոխումներ, իհարկե, եղան քաղաքի ջրամատակարարման հարցում, բայց հարցի լուծումը հեռու է առայժմ բավարար լինելուց: Ջրագծերի փոփոխման նպատակով քանդվեցին առանց այդ էլ վաղուց քանդուքար եղած քաղաքի ճանապարհները և մինչ օրս ասֆալտապատվել է քանդված ճանապարհների մի փոքր մասը միայն, հակառակ հենց նույն քաղաքապետի տարեսկզբյան այն հավաստիացումների, որ հենց Հրազդանում ձյունը հալվեց,մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են արվելու: Ջրամատակարարման տևողության մասով ես կասեմ այն ինչ ինքս գիտեմ և տեսնում եմ: Ես ապրում եմ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 124 շենքում և վստահ ասում եմ, մենք մինչ օրս, օրվա մեջ 7-8 ժամից ավել ջուր չենք ունենում: Ի՞նչ 12 կամ 18 ժամվա մասին է խոսքը \”հարգելի\” պարոն քաղաքապետ, էլ չեմ ասում 24 ժամվա մասին: Հաջորդ ենթահարցը, կապված իբր թե բարենորոգված ջրամատակարարման, ոռոգման համակարգի վերաբերյալ: Հարցազրույցի ժամանակ ինքներդ էլ մի քանի անգամ նշեցիք, որ Հրազդանի մի քանի թաղամասեր ըստ էության դեռ գյուղական կենցաղով ապրող թաղամասեր են: Անմիջապես հարց է առաջանում, իսկ այդ թաղամասերի բնակիչների ոռոգման ջրի հարցը ե՞րբ պետք է լուծեք, քանի որ այսօր նրանք այլևս \”բարփոխված\” ջրամատակարարման համակարգի պատճառով ըստ էության խմելու ջրի սակագնով չեն կարող մշակել իրենց տնամերձ հողամասերը: Թե մի խնդիրը լուծելով, հրազդանցիների մի ստվար հատվածի կանգնեցրել եք երկու նոր խնդիրների առջև:
Հեռուստալրագրողին հավաստիացնում եիք առանց ամաչելու, որ Հրազդանում այսօր հրազդանցու հանգստի ժամանցը կազմակերպելու բոլոր պայմանները կա: Ախր սուտն էլ պիտի չափ ունենա վերջապես: Այս 10-11 տարիներն, Ձեր կողմից քաղաքը կառավարելու ընթացքում, Ձեզ միայն մի բարի գործ է հաջողվել անել, այն էլ մեծ թերություններով: Խոսքը Քաղաքապետարանի դիմացի շատրվաների այգու բարեկարգման մասին է, որի շինարարական աշխատանքները անհասկանալի պատճառներով մինչև օրս անավարտ են: Թերևս սա ևս այն հարցերից մեկն է, որի վրա ես կուզենայի մեր երկրի համապատասխան վերահսկիչ ծառայությունների ուշադրությունը հրավիրել: 
Ամբողջ մի հսկայական միկրոշրջան թաղամասում որևե նորմալ բարեկարգված կանաչապատ հատված, որը կարող է ծառայել որպես զբոսայգի, չկա մինչ օրս, ինչի՞ մասին է խոսքը \”հարգելի\” պարոն քաղաքապետ: Իսկ քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Միկրոշրջան թաղամասի զբոսայգի ճեմուղուն պատկանող հողատարածքները «բարեհաջող» սկսել եք վաճառել առանձին անհատ ձեռներեցների, որոնք էլ հավանաբար հենց Ձեր «դաբռոներով» զբոսայգու հետ բացարձակաբար կապ չունեցող բետոնյա անհասկանալի շինություններ են կառուցում այդտեղ հենց այս օրերին: Փոխանակ մտածեիք և միջոցներ ձեռնարկեիք այդ բարենպաստ տարածքը իսկապես զբոսայգու վերածելու: Թե՞ Ձեզ թվում է, որ այս 10 տարիների ընթացքում ընտրությունից ընտրություն մի քանի հարցերի կարողացել եք կոսմետիկ լուծումներ տալ, ուրեմն դուք իսկապես լավ եք աշխատում , պարզապես որոշ իմ նման անշնորհակալ քաղաքացիներ չեն գնահատում Ձեր տարիների «ինքնամոռաց» աշխատանքը:
Քաղաքում գործող մշակույթի կենտրոններից եք խոսում: Իբր թե ամեն ինչ անում եք որ նորահաս սերունդը լավ միջավայրում կրթվի և մեծանա: Հարց եմ ուզում տալ, Ձեզ իսկապե՞ս բավարարում է Հրազդանում առայժմ գործող, իբր թե մշակութի տների և արվեստի դպրոցների առկա իրական վիճակը: Եթե չի բավարարում, ապա ի՞նչ էիք անում այս 10 տարվա ընթացքում, եթե այո, ապա կներեք, ես ինձ թույլ եմ տալիս Ձեզ դիլետանտ համարելու հատկապես այս հարցում: 
Բոլորիս մոտ դեռ թարմ է այս տարվա Ամանորյա Տոնածառի պատմությունը, որը տեղադրվել էր քաղաքի սահմանադրության հրապարակում: Նորից մի շատ պարզ հարց եմ ուզում տալ Ձեզ, դուք այդ օրերին, որ այդ Տոնածառի մոտով Ձեր գերթանկարժեք սեփական մեքենաներով ամեն օր անցնում էիք աշխատանքի գնալուց և տուն վերադառնալուց, չեի՞ք ամաչում այդ տոնածառի «բռնաբարված» տեսքից: Թե հիմա էլ կասեք, որ ես ժամանակակից արվեստից բան չեմ հասկանում, իսկ դա ժամանակակից արվեստի իսկական գլուխգործոց էր, որ Ձեր անխնա ջանքերով նվիրաբերվել էր քաղաքի ազգաբնակչությանը:
Չեմ ուզում շատ երկարացնել խոսքս, չնայած մատնացույց անելու և ահազանգի կարոտ շատ խնդիրներ կան այսօր Հրազդանում, բայց շատ կուզենայի որ այդ խնդիրների լուծմանը դուք վերջապես մոտենայիք ըստ էության և ամբողջ խորքով, այլ ոչ թե ձևական և մակերեսորեն, ինչը որ արել եք մինչև այսօր:
ՀՀ քաղաքացի և Հրազդան քաղաքի բնակչ Մեսրոպ Մեսրոպյան:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին»՝ ֆինանսական ճգնաժամի առջե՞ւ’
Հաջորդ հոդվածը‘Թուրք փորձագետներն անհանգստացած են ռուսական եւ հայկական օդանավերի հետ կապված միջադեպերից ‘