‘Ժողովուրդը պարտվեց, կեցցե ժողովուրդը. Մամուլ’

841

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում անձի շուրջ հինգ տարի առաջ այս նույն ժամանակ հզոր համաժողովրդական շարժում էր ձևավորվել, չի առաջադրվում ՀՀ նախագահի թեկնածու 2013 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում: Այս լուրը ամենատարբեր գնահատականների արժանացավ քաղաքացիական հասարակության, ժողովրդի, քաղաքական գործիչների շրջանում: Ոմանք պնդում էին, թե դա խիստ կանխատեսելի էր, ոմանք այս ընթացքում գործած սխալների ինվենտարիզացիա էին անում, ոմանք պարզապես հեծկլտում էին, ոմանք համարում էին, որ ճիշտ որոշում էր, ոմանք ուղիղ հակառակը, բայց բոլորը, առանց բացառության՝ բոլորը, միակարծիք էին մի հարցում առաջիկա նախագահական ընտրություններն աննախադեպ են լինելու Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Առաջին անգամ գործող նախագահը դուրս է գալու ընտրապայքարի՝ չունենալով լուրջ հակառակորդ:

Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ հավակնում են լուրջ հակառակորդի դերակատարում ստանձնել, ապա առնվազն ժամանակը նրանց համար խոչընդոտ է. եթե ամանորյա թոհուբոհը հանենք, ապա նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ: Իսկ սա շատ քիչ է Հայաստանում կայացած քրեաօլիգարխիկ համակարգին ձեռնոց նետելու համար: Ու ստացվում է այնպես, որ առաջիկա նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը գնում է իր ճանապարհը մաքրած, առանց ավելորդ բարդությունների, առանց մրցակիցների և որ ամենակարևորն է՝ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Սա լինելու է ոչ թե համապետական ընտրություն, այլ Հանրապետական կուսակցության ներքին ընտրություն: Սերժ Սարգսյանի կուսակցությունը, որին նույնիսկ ամբողջական գյուղեր են պատկանում մեր երկրում, իր անդամների մեջ քվեարկություն է անցկացնելու և հայտարարելու է այդ քվեարկության արդյունքները: Ու այս իրավիճակի գիտակցությունն է, որ երեկ արդեն իրար դեմ էր հանել մտահոգ բոլոր կողմերին, հասարակության այն հատվածը, որ «չի պատկանում» Հանրապետական կուսակցությանը, չի դադարում մեղավորներ փնտրել այսօր Հայաստանում հաստատված այս իրականության համար համապետական ընտրություն առանց ընտրության հնարավորության, առանց ժողովրդի, առանց ՀՀ քաղաքացու:

Հայաստանի նման երկրներում, սակայն, առանձին վերցրած խմբերը, կուսակցությունները, անհատները չեն կարող ոչինչ որոշել: Որոշիչ կարող է լինել միայն ժողովուրդը՝ որպես հավաքական միավոր, որն էլ իրեն որպես այդպիսին դրսևորեց ուղիղ հինգ տարի առաջ այս նույն ժամանակ հզոր համաժողովրդական շարժումով: Քոչարյանասերժական քրեաօլիգարխիկ համակարգը, սակայն, իր ճանապարհից մաքրեց այդ որոշիչ ուժը և դա արեց 2008 թվականի մարտի 1-ին այդ ժողովրդի վրա կրակելով: Այդ օրը նրանք կրակեցին ժողովրդի ուղիղ սրտի մեջ, սպանեցին նրա 10-ը զավակներին, կոտրելով հոգին: Նրանք «կոտրեցին» ժողովրդին՝ ամեն գյուղացու հետ, որոնց, ինչպես այդ օրերին տեղեկություններ էին ստացվում շրջաններից, մարտի մեկից հետո քարշ էին տալիս ոստիկանական բաժանմունքներ, ծնկի բերում և ստիպում ծնկած վանկարկել՝ «Լևոն նախագահ»: Իսկ այն, ինչ կատարվեց դրանից հետո, ընդամենը հոգեվարք էր:

Այսօր պետք է ընդամենը արձանագրենք, որ քոչարյանասերժական համակարգը հաղթեց ժողովրդին, կոտրեց նրան, հինգ տարի մարդասպանի սառնությամբ հետևեց հոգեվարքին և այսօր «հաղթանակած» գնում է առաջ, դեպի հերթական վերարտադրություն: Սակայն, Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը պետք է լավ հիշեն՝ դա մարդասպանի հաղթանակ է: Ու պետք է հիշեն, որ իրականում մի ամբողջ ժողովուրդ սպանել հնարավոր չէ, հնարավոր է մեծ ցավ պատճառել, ժամանակավորապես ծնկի բերել, հուսալքել, սակայն՝ միայն ժամանակավորապես: Սրտի մեջ արձակված գնդակը մի օր դուրս է հանվելու, ցավը հաղթահարվելու է: Դրա համար առաջին հերթին ժամանակ է հարկավոր, ինչպես նաև այս մի մարտում սեփական պարտությունն ընդունելու և ապա հաղթանակ կերտելու անհրաժեշտության գիտակցություն: Հինգ տարին քիչ ժամանակ չէ, բայց այս ընթացքում այդ գիտակցությունը չկար: Ժողովուրդը պարտվեց, բայց ժողովուրդը չի կարող պարտվել, և ուրեմն՝ կեցցե ժողովուրդը»,- գրում է «Հայկական ժամանակը» խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘«Եվրատեսիլ-2013»-ին կմասնակցեն ավելի քիչ երկրներ, քան նախորդ տարի ‘
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Կերակրատաշտակին մոտ գտնվելու խնդիր կա. Մամուլ’