‘
«Որպեսզի բնութագրեմ հայ-ֆրանսիական բարեկամությունը, ես հաճախ օգտագործում եմ «բացառիկ» բառը»: Այսպես է արտահայտվել Ֆրանսիայում գտնվող Սերժ Սարգսյանը` ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված փոքրիկ հարցազրույցում:
Ապա շարունակել է. «Ֆրանսիան իր դռներն ու սիրտն է բացել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի համար: Այսօր Ֆրանսիայի հայ համայնքը, որը 1915թ-ի Ցեղասպանության ուղղակի հետևանքն է երկու երկրների միասնության կարևոր կողմերից է: 2012թ-ը խորհրդանշական է: Մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը: Մեր երկրների միջև հարաբերությունների 20 տարիները նշանավորվել են մի շարք իրադարձություններով: Մեր մշակութային և առևտրային կապերն ակտիվ կերպով զարգանում են: Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդրողն է. ունենք ֆրանսիական կապիտալով գործող 155 ձեռնարկություններ: Դրանց թվում են մեզ համար այնպիսի առաջնային նշանակություն ունեցող ձեռնարկություններ, ինչպես օրինակ «Օրանժը», «Կրեդիտ ագրիկոլը», «Պերնո Ռիկարը», «Ալկատելը», «Կարեֆուրը»…»:
Սերժ Սարգսյանը, սակայն, լղոզելով պատասխանը` մի փոքր խառնում է իրերի դրությունը: Այսօր «բացառիկ» են հայ-ֆրանսիական հարաբերությունները` ժողովուրդների միջև: Այդ հարաբերությունները կարող են նաւ «բացառիկ» լինել երկու իշխանությունների միջև, եթե, իհարկե, այդ իշխանություններին ընտրել են ժողովուրդները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պարագայում այդ հարցը կասկածի տակ չենք դնում, իսկ ահա Սերժ Սարգսյանի պարագայում խոսքերն, ինչպես ասում են, ավելորդ են: Ու երբ իշխանության ներկայացուցիչը նման տոնով խոսում է բացառիկության մասին, նա, ակնհայտորեն, փորձում է այդ բացառիկության մեջ ներգրավել նաեւ իրեն:
Անկախ այն հանգամանքից, թե երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ինչպիսին են, միևնույն է` իշխանությունների փոխհարաբերությունները՝ ամբողջությամբ, կամ գոնե՝ մեծ մասամբ, կախված են լեգիտիմությունից: Այս հանգամանքը առավել մեծ խնդիր է դառնում, երբ իշխանություններից մեկը լեգիտիմ է լինում, մյուսը` ոչ: Այսինքն՝ այն, ինչ այսօր ունենք Հայաստանի և Ֆրանսիայի պարագայում:
Եւ այդ «բացառիկ» հարաբերությունները միայն ձեռք սեղմելով չեն որոշվում, ոչ էլ` նախագահական ընտրություններից առաջ տարբեր այցեր կատարելով, ինչպես որ դա արեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով Երևանում Ցեղասպանություն բառն արտասանելով` ֆրանսահայերի համակրանքը շահելու հույսեր ուներ:
Այդ «բացառիկ» հարաբերությունները երբեմն սկսվում են մանրուքներից: Սերժ Սարգսյանը մեկնել էր Ֆրանսիա, այս օրերին գտնվում է այնտեղ: Իշխանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում հայտարարելու, թե ինչ ցնցող ընդունելության արժանացավ Սարգսյանը Ֆրանսիայում: Մոռանալով, սակայն, որ ընդունելությունը սկսվում է օդանավակայանից: Իսկ Սերժ Սարգսանին, ինչպես հիշում ենք` օդանավակայանում դիմավորեց ընդամենը Ֆրանսիայի ԱԳ արտերկրում ֆրանսիացիների հարցերով փոխնախարարը: Այսինքն՝ ավելի մեծ ուշադրության Սերժ Սարգսյանին նույնիսկ չարժանացրին: Իսկ բացառիկությունը նաև այստեղից է սկսվում: Այնպես որ՝ ով-ով, բայց Սերժ Սարգսյանը գոնե «բացառիկությունից» չպետք է խոսի, կամ էլ` եթե խոսում էլ է, ապա պետք է տարանջատի ժողովուրդների բացառիկ հարաբերությունները և որևէ ենթատեքստով իրեն այդ բացառիկ հարաբերությունների կոնտեքստի մեջ չդնի:
Հ.Գ. Ի դեպ, «Ֆիգարո»-ի լրագրողը Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն անց է կացրել Փարիզի «Meurice» հյուրանոցում, որտեղ էլ հանգրվանել էր Սարգսյանը: Լուսանկարը, որը զետեղվել է հարցազրույցի հետ, ևս այս հյուրանոցում է արվել: Փարիզի այս հյուրանոցը ամենաթանկ հյուրանոցներից մեկն է: Սովորական մեկտեղանոց համարները մեկ գիշերվա համար սկսվում են 900-1000 եվրոյից: Նախագահական համարների գները հասնում են մինչև 7000 եվրոյի:
Պարգև Ապրեսյան
‘