‘Ի՞նչ տրամաբանության սահմաններում եք տեղավորում ձեր հալածյալությունը’

1901

Թվում էր` նրանք, ովքեր քունուդադարը կորցրել էին այն «մռայլ» հեռանկարից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսն էլ կլծվի իր թեկնածուի հաղթանակի ապահովման գործին, թեթեւացած շունչ կքաշեն, որ իրենց ճանապարհը ժայռի պես փակած (իրենց պնդմամբ) Կոնգրեսը բաղձալի գահ տանող «ուղեգորգը» լքել է, եւ իրենք ազատ-անկաշկանդ-անբարդույթ կարող են հասարակությանը ներկայանալ իրենց ողջ պերճանքով ու թշվառությամբ, կներեք` անսահման հմայքով, ավելին` գոնե իրենց մտքում շնորհակալություն կհայտնեն «պարտված, ինքնաոչնչացած, այլեւս գոյություն չունեցող» Կոնգրեսին ու նրա առաջնորդին եւ կսկսեն վերջապես անզիջում պայքար մղել ընդդեմ Հայաստանի հանցագործ իշխանության:

Ոնց որ թվում էր, այդպես թվացյալ էլ մնաց վերոգրյալը: Այս մարդիկ հանցագործ իշխանության հետ խնդիր չունեն, հաշտ ու խաղաղ գոյակցում են նույն արեւի տակ` իրենց կեցվածքը պաճուճապատելով զանազան վերամբարձ, ճռճռան-պլպլան պատճառաբանություններով, եւ սրանց թիրախը կար եւ շարունակում է մնալ Կոնգրեսն ու Կոնգրեսի առաջնորդը:

Սա ի՞նչ է` ախտանի՞շ: Դրանով թող հոգեբաններն ու հոգեբույժներն զբաղվեն: Ըստ իս` գործարք է: Ով` ում հետ, սա էլ թող քաղաքագետներն ու վերլուծաբանները պարզեն: Ըստ իս` բոլոր նախագահության թեկնածուներն էլ, Կոնգրեսին «անաչառորեն» քննադատողներն էլ, որքան էլ ինքնավստահ ձեւանան` էն գլխից վստահ են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանն այս տարիների ընթացքում ընտրակեղծարարության այնպիսի հրեշավոր մեքենա են գործի գցել, որ իրենք երկինք թռչեն, իջնեն ներքեւ Քուռկիկ Ջալալին հեծնած, Թուր Կեծակին էլ թափահարելով, միեւնույնն է` Սերժիկը նորից զավթելու է ՀՀ նախագահի աթոռը: Նույնիսկ եթե դրա համար հարկավոր լինի ոչ թե տասը մարդու գնդակահարել, այլ` հազար, Սերժիկի երդմնակալության օրն էլ «ազգընտիրին» ոչ թե մի ցելոֆանի տոպրակ ուղեկցի, այլ` մի քանի տասնյակ դատարկ «կարտոլի մեշոկ»:

Եվ թե ինչու են այս մարդիկ առաջադրվել, իրենք կիմանան, իրենց գործն է: Իմ` ՀՀ քաղաքացուս գործն էլ մտածելն է` ինչ ցանկանամ, ինչ խելքս կտրի: Ըստ ոմանց` արդարացի, թե անարդարացի, դա էլ իրենց գործն է:

Բայց այս ամենի մասին ես առանձնապես չեմ էլ մտածում, հետաքրքիր չէ: Ես` կոնգրեսականս, արձակուրդի մեջ եմ, հանգստանում եմ ու կողքից նայում: Կողքից նայելուց էլ լիքը հարցեր են ծագում գլխումս, որ ուզում եմ բարձրաձայնել: Ի վերջո, ինչու՞ ինքս ինձ տանջեմ, ու արձակուրդս պղտորվի, եթե այդ հարցերը կարող եմ ուղղել նրանց, ովքեր փորձում են պղտորել ու լավ էլ պղտորում են իմ վաստակած հանգիստը:

Հայ ազգային կոնգրեսից հրապարակավ ինքնաքննադատություն պահանջողները կարո՞ղ են գեթ մեկ օրինակ բերել հայաստանյան քաղաքական դաշտում գործող այլ կառույցներից, որոնք կես թթու խոսք բարձրաձայնած լինեն իրենք իրենց մասին: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ կոնգրեսականները բարձրաձայնել են իրենց դժգոհությունները, քննադատել են իրենց արած կամ չարած քայլերը: Եվ եթե նույնիսկ հավատանք ձեր մեղադրանքներին, որ Կոնգրեսը երբեք չի «ինքնաքննադատվում», գեթ մեկ օրինակ բերեք, որ այս նույն «անաչառ» պահանջ-մեղադրանքը, բացի Կոնգրեսից, թափահարել եք նաեւ այլ կառույցների կամ քաղաքական գործիչների քթի տակ:

Կոնգրեսին անհանդուրժողականության համար մեղադրողներդ գեթ մեկ օրինակ կարո՞ղ եք բերել, որ հայաստանյան քաղաքական դաշտում գործող այլ կառույցներից որեւէ մեկի հասցեին քննադատական խոսք հնչի, ու դրան հակահարված չտան այդ նույն կառույցների ներկայացուցիչները: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ Կոնգրեսի հասցեին նետված մեղադրանքներին, որոնց մեծ մասը մերկապարանոց է, կեղծ ու անազնիվ, Կոնգրեսն անպատասխան է թողել: Էլ չեմ խոսում Կոնգրեսի առաջնորդի մասին. նրա անսահման համբերությունն իր հասցեին հնչած մեղադրանքների հանդեպ` երբեմն նույնիսկ իր երդվյալ երկրպագուներին է մղկտացնում:

Եվ ի՞նչ տրամաբանության սահմաններում եք տեղավորում ձեր այն «հասեք, կերան, ոչնչացրին» վայնասունը, երբ Կոնգրեսից երբեմն-երբեմն հակապատասխաններ են հնչում իրենց անարգանքի սյանը գամողների դեմ: Էդ ո՞ր «օրենսգրքում» է գրված, որ բոլորը կարող են պաշտպանել իրենց անցած ճամփան, իսկ Կոնգրեսը` ոչ: Ո՞ր ատյանում է վճիռ կայացվել, որ ամեն արժեցող-չարժեցող կարող է Հայաստանի հիմնադիր նախագահին քննադատել, հեգնել, իր «արեւաճաճանչափայլ բարձունքից» խելք սովորեցնել, իսկ որեւէ մեկը նրան չի կարող ասել` չափդ ճանաչիր, երիտասարդ կամ ծերուկ: Կամ ասել` Ձերդ լուսապայծառ ամենափրկչություն, համարձակվում եմ կակազելով ասել, որ դուք սխալվում եք: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցները լացուկոծ չեն դնում նրա դեմ նենգ ու հետեւողական հարձակումների համար,  պատճառն այն չէ, որ նա նվազ սիրելի է, քան ձեր ընտրյալը: Ամենեւին: Պարզապես երկինք թռչեք` իջնեք ներքեւ, Լեւոն Տեր-Պետրոսյանին չեք կարող «ուտել կամ ոչնչացնել», որովհետեւ նա ե՛ւ Հայոց նորագույն պատմության առաջին էջում է ու լինելու է միշտ, որքան էլ զանազան կամակատար էդիկմինասյաններ պատմությունը կեղծեն, ե՛ւ  ի ցավ ձեր եւ ձեր մերձավորների` մինչ Հայաստանի նախագահ դառնալն էր մեծատառով մտավորական ու մեծատառով գիտնական Լեւոն Տեր-Պետրոսյան, դրանից հետո էլ է մեծատառով մտավորական ու մեծատառով գիտնական Լեւոն Տեր-Պետրոսյան: Հապա նետեք ձեր վրայից քաղաքական գործչի թիկնոցը, տեսեք` տակն ի՞նչ է մնում: Ինչ-որ բան մնում է` իհարկե, բայց մնում է հենց այնքան, ինչքան որ անհրաժեշտ է` սեփական անլիարժեքության գիտակցումը մաղձ դարձնելու եւ այդ մաղձը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պարպելու համար: Կասեք` այսինքն ի՞նչ, չի՞ կարելի քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Կոնգրեսին, նրանք սխալներ չե՞ն արել: Արե՛լ են, պարոնայք եւ տիկնայք: Կարելի՛ է, պարոնայք եւ տիկնայք: Բայց մեկ-մեկ հիշեք, որ ձեզ է՛լ է կարելի քննադատել, դուք է՛լ եք սխալներ արել: Իսկ եթե, ըստ ձեզ, ձեր արածները սխալ չեն, դե՛ բարի եղեք, զանազան արեւաճաճանչափայլներ ու լուսապայծառներ, «մեծահոգաբար» թույլ տալ, որ Կոնգրեսն ու Կոնգրեսի առաջնորդն էլ կարծեն, որ իրենց արածները սխալ չեն ու պնդեն իրենց կարծածը: Գուցե հոդաբաշխ բացատրե՞ք` հասկանանք, թե ինչու, երբ Կոնգրեսն է պնդում, որ ինքն է ճիշտ, դուք եք սխալ` սա հալածանք է ձեր դեմ, ձեզ ուտում են, ոչնչացնում են, օգնեցեք, վա՜յ աման-աման — դըլե յաման, իսկ երբ դուք եք պնդում` Սողոմոն իմաստունը ղալաթ է արել ձեր դեմ, եւ ձեզ հակաճառելը էն խեղճ մայաների գլխին ջարդած աշխարհի վերջն է ազդարարում:

Առայժմ այսքանը: Դեռ լիքը հարցեր ունեմ, որոնք անպայման կհնչեն:

Լիզա Ճաղարյան           

Նախորդ հոդվածը‘$3 միլիարդ արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը տրված է’
Հաջորդ հոդվածը‘«ՉԻ», Դավիթ Շահնազարյանին չես խաբի ‘