‘$3 միլիարդ արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը տրված է’

955

Հունվարի 18-ին տեղի է  ունեցել  «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ»  ծրագրերի մեկնարկի շնորհանդեսը, որի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Գագիկ Բեգլարյանը հայտարարել է ծրագրերի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված   «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել են «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» և «Հայաստանի հարավային երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրերը, որոնց գործունեության ժամկետն է  30 տարի՝ շինարարության ավարտից հետո: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը:

«Ռասիա ՖԶԷ» ընկերությունն իր հերթին ստորագրել է պայմանագիր՝ միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների  կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ: Արդեն իսկ բազմամիլիոն արտարժութային ներդրումներ պահանջող իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին, և պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում։ 

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս կարևորագույն ծրագրերի իրագործմանը և պատրաստ է ամեն ինչ անել  դրանց ապահով և փոխշահավետ իրականացման համար:

«Կարեւորագույն այս երկու ծրագրերի իրագործումը երկրի ռազմավարական խոշորագույն հեռանկարներից է: Մենք կողջունենք  և ամեն կերպ կնպաստենք յուրաքանչյուր կազմակերպության, գործարարի մասնակցությունը մեր և տարածաշրջանի համար կարևորագույն այս ծրագրերի իրագործմանը»,-ասել է  Բեգլարյանը:

Նա նշել է, որ ծրագրերի իրականացման արդյունքում ունենալու ենք  Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին՝ օգտագործելով Հայաստանի ստրատեգիական դիրքի ողջ պոտենցիալը, ինչը կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայողության զգալի բարելավման:

«Մեր երկիրը զգալի արտադրական, հանքային և հումքային պաշարներ ունի, որոնց լիարժեք շահագործման և արտահանման համար անհրաժեշտ են ժամանակակից բարձրակարգ հաղորդակցության ուղիներ»,- ընդգծեց նախարարը:

«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին տեղեկացրել է, որ երկաթուղու կառուցման տեխնիկական ուսումնասիրությունն արդեն սկսվել է և կտևի 1,5 տարի, եւս մեկ տարի կտեւի  ճանապարհի կառուցման տեխնիկական ուսումնասիրությունը: «Մենք համագործակցելու ենք Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ՝ ծրագիրը ժամանակին ավարտելու, միաժամանակ համապատասխան որակ ապահովելու համար»,- ասել է Բորկովսկին:

Ծրագրերի շնորհանդեսի ավարտին տեղի է ունեցել նաեւ տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Ռասիա» ընկերության եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի միջեւ, որով կողմերը պարտավորվում են համագործակցել նշված նախագծերի իրականացման հարցում:

Նախորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է մեկ տարով’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ տրամաբանության սահմաններում եք տեղավորում ձեր հալածյալությունը’