‘
ILur.am-ը հաում կատարելով Shamshyan.com-ին, արդեն տեղեկացրել էր, որ երեկ` նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում է եղել նաև Սերժ Սարգսյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վթարի հետևանքով վերջինս վնասվածքներ ստացել է, թե ոչ՝ այս պահին հնարավոր չէ պարզել:
Առավոտյան տեղեկացրել էինք նաեւ, որ Ոստիկանության կայքում նշված ավտովթարի մասին տեղեկություններ չկային: Ուշագրավ է, որ մինչ այս պահը եւս, այդ ավտովթարի մասին Ոստիկանության կայքում դեռ որեւէ տող չի հայտնվել:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում հաստատելով ավտովթարի դեպքը, լուրը իրենց կայքում չզետեղելը բացատրեց նրանով, թե հնարավոր է, «ամփոփագիրը (сводка), դեռ չի հասել իրենց»: Մալխասյանը նորից հրաժարվեց նշել, թե արդյո՞ք ավտովթարի հետ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, թե տարվում է քննություն, եւ որ վարորդի ինքնությունը հայտնի է: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են պարզել վարորդի ինքնությունը, հաշվի առնելով, որ մեքենան առանց պետհամարանիշների է եղել, պարոն Մալխասյանը հրաժարվեց պատասխանել, նշելով, թե ինքն արդեն բոլոր հարցերի պատասխանները տվել է:
‘