‘Ինչու՞ է լռում Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին’

1765

 President.am կայքից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Սարգսյանը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Սարգսյանին զեկուցել են, որ ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներկայում կատարվում են ճանապարհի հարդարման աշխատանքները: Միջպետական վերոհիշյալ ճանապարհահատվածի շինարարությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուների հավաստմամբ, ամբողջությամբ կավարտվի և շահագործման կհանձնվի պայմանագրով նախատեսված ժամկետից ավելի քան մեկ ամիս շուտ՝ ս.թ. նոյեմբերի 10-ին:

Ուշագրավ է, որ Սարգսյանն այսօր, հոկտեմբերի 27-ին, ոչ միայն չի այցելել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի շիրիմներին, զոհեր, որոնց հիմնական մասն, ի դեպ, իր ղեկավարած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ էին, այլեւ որեւէ հրապարակային անդրադարձ չի կատարել պետության  դեմ 13 տարի առաջ այս օրը կատարված հանցագործության փաստին:   

Մնում է ենթադրել, որ Հանրապետության հիմնադրումից ի վեր կարեւորագույն գերատեսչություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության,  ներքին գործերի եւ ազգային անվտանգության (վերջինը՝ 1999-ին) նախարարությունները ղեկավարած անձնավորությունը պետության խորհրդարանում պետությունը գլխատելու փաստը համարում է շարքային իրադարձություն, որը կարելի է մոռացության տալ դրա իրականացումից 13 տարի անց, այն դեպքում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունը համոզված է, որ ոճրագործությունը լիովին բացահայտված չէ:

Մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը կիսում է իր իսկ հիմնած Հանրային խորհրդի՝ իր իսկ նշանակած նախագահի տեսակետը, թե՝ « Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են», կամ համամիտ է իր «օրգանական նախորդի» կարծիքի հետ, թե հոկտեմբերի 27-ը «ուչաստկովիի» մակարդակի գործ է, որն ինքնուրույն իրականացրել են ռոմանտիկ մարդասպանները:  

Իսկ այս ամենի հետ ոչ մի կերպ չհաշտվող հասարակությանը մնում է հետեւություններ անել Սարգսյանի նման վարքագծից:

Լ.Կ.

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոյի հերթական անակնկալը. Իգուաինը հանդես կգա ձախ պաշտպանի դիրքում’
Հաջորդ հոդվածը‘Ռուս օլիգարխ Միխայիլ Պրոխորովն այսուհետ միայն քաղաքականությամբ կզբաղվի’