‘Ինչպես է Քոքոբելյանը հաջողեցնում և՛ «ընդդիմադիր» լինել, և՛ հէկ-եր ունենալ (փաստաթղթեր)’

4662

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչների բողոքը, որով վերջիններս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից պահանջել են   անմիջապես դադարեցնել «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի շինարարական  աշխատանքները և փոխհատուցել բնությանը պատճառված վնասը, թերևս առիթ են տալիս ուշադրությունը սևեռելու ոչ թե բուն հէկ-ի կառուցման, բնապահպանական խնդրի, այլ դրա քաղաքական կոնտեքստի վրա: Իսկ հարցն ունի քաղաքական կոնտեքստ, ընդ որում՝ շատ ուշագրավ: Այն, որ իշխանություններն ու իրենց հարազատները, պաշտոնյաներ ու օլիգարխներ, բնությանն ու հասարակ ժողովրդի շահերին վնասելով՝ նման հէկ-եր են կառուցում և հսկայական շահույթներ ստանում, նորություն չէ: Բայց երբ այդ ամենի մեջ ներգրավված է նաև մեկը, ով իրեն համարում է «ընդդիմադիր» կուսակցության առաջնորդ, սա արդեն որոշակի կասկածներ է հարուցում: Առավելևս, երբ այդ մարդու գործերը սկսում են «ծաղկել» հենց բուն ընդդիմությունը քայքայելու փորձերից և ընդդիմությունից հեռանալուց հետո, երբ ինքն արդեն որոշ փաստաթղթերում, որպես սեփականատեր, հանդես է գալիս իր անվամբ, այլ ոչ թե` հարազատների կամ դրածո անձանց անուններով:

Հիշո՞ւմ եք՝ ՀՀՇ-ում Խաչատուր Քոքոբելյան անունով մարդ կար, ով 2010-ի ամռանը կայացած ՀՀՇ համագումարից առաջ փորձեց հեղաշրջում իրականացնել կուսակցությունում, ՀՀՇ-ն պոկել Հայ ազգային կոնգրեսից, ձեռի հետ էլ` նույն բանն անել Կոնգրեսի անդամ այլ կուսակցությունների հետ: Քոքոբելյանն այն մարդն էր, ով առանձին-առանձին հանդիպում էր կազմակերպել Կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ և փորձում էր նրանց համոզել լքել Կոնգրեսը` ինչ-ինչ տարօրինակ խոստումներ տալով, որոնք, ի դեպ, ինքը չէր կարող տալ, եթե չունենար իշխանությունների «դաբրոն»: Այն ժամանակ դեռ որոշակիորեն «թաքնված» այդ մինի օլիգարխը, սակայն, չկարողացավ հասնել իր նպատակին, և միակ բանը, ինչ ինքը կարողացավ անել` ՀՀՇ-ից մի քանի հոգու պոկելն էր, որոնց միացան ևս մի քանի հոգի և արդյունքում ստեղծեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ապա «Ժառանգություն» կուսակցության ցուցակով մասնակցեցին ԱԺ ընտրություններին և մի կերպ հաղթահարելով 5 տոկոսի արգելքը` անցան խորհրդարան: Ահա այսպիսի ծառայություններ Քոքոբելյանը մատուցեց իշխանություններին, ինչի դիմաց էլ, թերևս, սկսեց դառնալ արդեն «բացահայտ» մինի օլիգարխ:

Ու քանի որ հոդվածի առիթը հէկ-ն էր, ուստիև անդրադառնանք Քոքոբելյանին և նրա մերձավորներին պատկանող հէկ-երին:

 

«Խաչաղբյուր հէկ-1»

 

2007 թվականի մարտի 9-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Քարեվարդ» ՍՊԸ-ին «Խաչաղբյուր հէկ-1»-ը 2 տարի ժամկետով կառուցման լիցենզիա է տրամադրել: 2008-ի օգոստոսի 1-ին «Խաչաղբյուր հէկ-1»-ի 2,5 հա տարածքը գրավ է դրվել «Կասկադ կրեդիտ» ՓԲԸ-ում: 2009-ի մարտի 4-ին լիցենզիայի պայմանները չկատարելու պատճառով սահմանվել է տուգանք` 4 մլն 100 հազար դրամ, և միաժամանակ երկարացվել է լիցենզիայի ժամկետը՝ մինչև նույն թվի սեպտեմբերի 9-ը:

2009-ի սեպտեմբերի 30-ին` էլեկտրական էներգիայի լիցենզիա է տրվել 15 տարի ժամկետով` «Խաչաղբյուր հէկ-1» փոքր էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվել է 17,127 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի: 2009-ի նոյեմբերի 25-ին ուժը կորցրած է համարվել նախորդ որոշումը` սակագինը սահմանելով 18,337 դրամ: 2010-ի նոյեմբերի 24-ին սակագինը սահմանվել է 19,28 դրամ: 2010-ի մարտի 17-ին Խաչատուր Քոքոբելյանը գնում է «Քարեվարդ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը մինչ այդ գրանցված էր Արարատ Քոքոբելյանի անունով: 2011-ի նոյեմբերի 16-ին սակագինը դառնում է 19,55 դրամ: 2012-ի հուլիսի 4-ին Քոքոբելյանը «Քարեվարդ» ՍՊԸ-ի 100 տոկոս  բաժնեմասը վաճառում է Սևադա Քոքոբելյանին` որդուն:

 

«Խաչաղբյուր» հէկ

 

2008-ի դեկտեմբերի 24-ին «Էներջի ԿՈԿ» ՍՊԸ-ին մինչև 2011-ի դեկտեմբերի 24-ը` Գետահովիտ համայնքում «Խաչաղբյուր» հէկ կառուցելու արտոնագիր է տրվում: Նշված ՍՊԸ-ի սեփականատերը Աիդա Ղազարյանն է` Քոքոբելյանի տիկինը: 2010-ի դեկտեմբերի 24-ին «Էներջի ԿՈԿ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը վաճառվում է ոմն Նատալյա Գալստյանի: 2011-ի դեկտեմբերի 7-ին հէկ-ի կառուցման լիցենզիան երկարացվում է մինչև 2013-ի դեկտեմբերի 24-ը: 2012 թ. մայիսի 16-ին «Էերջի ԿՈԿ»-ի 100 տոկոս բաժնեմասը վաճառվում է Սևադա Քոքոբելյանին` Խաչիկ Քոքոբելյանի որդուն:

 

«Խաչաղբյուր հէկ-2»

 

2011-ի մայիսի 18-ին «Քարեվարդ» ՍՊԸ-ին տրամադրվում է լիցենզիա` Ենոքավան համայնքում «Խաչաղբյուր-2» հիդրոէլեկտրոկայանի կառուցման համար` մինչև 2014-ի մայիսի 18-ը: 2012-ի ապրիլի 11-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից համաձայնություն է տրվում «Խաչաղբյուր հէկ-2» -ի ամբողջ գույքն առանձնացման ձևով վերակազմակերպման արդյունքում ստեղծվող նոր իրավաբանական անձին փոխանցելու համար: 2012-ի հունիսի 6-ին վերաձևակերպվում է «Քարեվարդ» ՍՊԸ-ի «Խաչաղբյուր հէկ- 2»-ի կառուցման լիցենզիան` «Մեգաէներջի» ՍՊԸ-ի անվամբ` սեփականատեր Խաչատուր Քոքոբելյան: 2012-ի հունիսի 22-ին Խաչատուր Քոքոբելյանը վաճառում է «Մեգաէներջի»-ի 100 տոկոս բաժնեմասը ոմն Գեղամ Աղաջանյանի:

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

  Պարգև Ապրեսյան

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Նախորդ հոդվածը‘Բացվել է Երևանի առաջին հեծանվուղին (ֆոտոռեպորտաժ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Ձգտելու ենք հաղթանակի’