Ինչպես Փաշինյանը ուղիղ եթերում փաստացի հրաժարվեց բանակցություններից

2325

Շատերին թվում է, որ երբ ասում են՝ Փաշինյանն, ըստ էության, տապալեց բանակցային պրոցեսը՝ խաղաղ կարգավորման հնարավորությունը վիժեցնելով, դա, այսպես ասած,  նրա տարբեր գործողությունները ընդհանրական բնորոշող բառ է։ Իրականում, սակայն, դա նրա՝ հատկապես մեկ կոնկրետ գործողությունը ուղիղ բնորոշող բառն է։ Փաշինյանն այդ ամենը արել է բաց, արել է բոլորիս աչքի առաջ, ուղիղ եթերում։ Բայց, ինչպես միշտ, դա արել է այնպես, ասես ինքը կապ չունի, ինքն այդ որոշման պատասխանատվությունը չի կրում, ինքն ուղղակի արտահայտում է հայ ժողովրդի, մասնավորապես՝ արցախցիների եւ Արցախի իշխանությունների կամքը։

Կարո՞ղ է ուզեք, որ սա հայտնվի բանակցային սեղանի շուրջ

Հիշեք 2020 թվականի հունվարի 25-ը․ հենց այդ օրը ուղիղ եթերում, բոլորիս աչքի առաջ, Կապանում տեղի ունեցած մամլո ասուլիսով՝ Փաշինյանը սկսեց բանակցություններով խնդրի կարգավորման վերջնական տապալման գործընթացը։ Բայց զարմանալին այն է, որ դա այդ ժամանակ արժանացավ բացառապես դրվատանքի եւ վերբալ ծափահարությունների։

Եւ այսպես, այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հանրությանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ երկու կողմերին ներկայացված վերջին՝ Կրակովյան պլանը, նա ուղիղ եթերում կարդաց պլանի բոլոր կետերն ու բառացիորեն հայտարարեց․ «Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությունը կորցրել ենք: Եթե այս պահին ՀՀ-ն ուզենա հենց այս նույն կետից շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե` ոչ, թող հայ ժողովուրդն ասի` այս տեքստը իր համար ընդունելի է, թե` ոչ: Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին այն կհայտնվի բանակցային սեղանին: Ես առաջարկում եմ և պնդում, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ իրենց համար սա ընդունելի է, թե ոչ, որպեսզի շահարկումները վերանան»։

Սա որոշում կայացնելու հարցում պատասխանատվությունից խուսափելու բացահայտ քայլ էր․ եթե Փաշինյանը իրավիճակը հասկանալուց ու գնահատելուց հետո իսկապես պատասխանատվություն ստանձնելու ցանկություն ունենար, ապա կարգավորման էության ու պլանների եւ դրանք մերժելու հնարավոր այլընտրանքների մասին  կխոսեր ավելի վաղ, ապա և՝ կխոսեր ոչ թե այսպես՝ շանտաժի լեզվով, կրակը, այսպես ասած, անպատրաստ ու պատրանքներով ապրող ժողովրդի «գրպանը գցելու» տրամաբանությամբ, այլ համապատասխան մթնոլորտ ապահովելուց հետո, մարդկանց իրողությունները հանգիստ ներկայացնելուց հետո, քաղաքական միջավայր ստեղծելուց հետո։ Կխոսեր ոչ թե այնպես, որ մարդիկ ոգեւորությամբ ցանկանային մերժել կարգավորումը, այլ՝ հակառակը, որ մարդիկ հասկանային, թե որն էր լինելու դրա այլընտրանքը, եւ ինչ գին էին վճարելու դրա դիմաց Հայաստանն ու Արցախը։

Բայց Փաշինյանն արեց հակառակը, գնաց ավելի հեռուն․ նա բանակցային էությունը մերժելու պրոցեսը վերածեց ֆլեշմոբի։ Այդ ժամանակ Արցախում նախընտրական շրջան էր, արդեն կային նախագահի հավանական թեկնածուներ, եւ Փաշինյանը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար այդ կենսական հարցում որոշում կայացնելու խնդիրը դարձրեց նրանց նախընտրական մարտահրավերը։ Բայց ի՞նչ ձեւով․ ոչ թե կարգավորման շուրջ առկա իրական իրողությունները ներկայացնելով, այլ իրական իրավիճակը թաքցնելով (երբ ամեն բան արդեն «մազից էր կախված»)՝ հարցն այնպես ներկայացրեց եւ ուղղեց, որ ոչ մեկը համարձակություն չունենա ասել՝ «կողմ եմ կարգավորմանը»։ Որովհետեւ նրա արածը մոտավորապես սա էր․ «էդ որ ասում եք բանակցություններ, բանակցային ժառանգություն, դրա էությունը սա է՝ հողերը տալիս ենք, ու կարգավիճակ անմիջապես չենք ստանում, ահա այսպիսի վատ տարբերակներ են սեղանին, բայց ես դեմ չեմ, եթե դուք այս վատ տարբերակին կողմ եք, ես ձեզ լսելով՝ ստիպված կգնամ եւ կստորագրեմ այն, միայն թե բարձրաձայն ասեք, որ կողմ եք, որ հետո չստացվի, որ ես եմ հողերը տալու որոշում կայացրել»։

Փաշինյանի այս «չելենջն» անարձագանք չմնաց, նրան օրերի ընթացքում ուղիղ արձագանքեցին նախագահի հավանական թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Հայկ Խանումյանը, Ռուսլան Իսրայելյանը եւ, անուղղակի կերպով՝ Դավիթ Բաբայանը։

Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․

«Մեր քաղաքական թիմի և, համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։

Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ»:

Աշոտ Ղուլյանը հայտարարել էր․

«1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:
2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:
3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հօգուտ անկախ պետականության:
4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն»:

Մասիս Մայիլյանը հայտարարել էր.

«Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն»։

Հայկ Խանումյանը հայտարարել էր․

«Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսվում է տարածքային զիջումների մասին։ Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը։ ՀՀ զինված ուժերից բացի, որևէ այլ երկրի, այդ թվում` միջազգային խաղաղապահ զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է»։

Ռուսլան Իսրայելյանը հայտարարել էր․

«Խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, սակայն բանակցությունները պետք է տարվեն ոչ թե տարածքային փոխզիջումների պայմանով, այլ Ադրբեջանի կողմից ԱՀ սահմանադրությամբ հռչակված ողջ տարածքի վրա ԱՀ անկախությունը ճանաչելու միջոցով: Արցախի խնդրի վերջնական կարգավորումը տեսնում եմ 2 տարբերակով. Արցախի միավորումը Հայաստանին կամ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, որից հետո այն հանրաքվեի միջոցով կմիանա Հայաստանին»։

Նախագահի մեկ այլ թեկնածու՝ այժմ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, թեեւ ուղղակի մարտահրավերին չէր արձագանքել, բայց այդ օրերին Սիվիլնեթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հիմա «Ստատուս քվոն է կարգավորում, այլ տարբերակ չկա», այսինքն, ստատուս քվոն պահելու օգտին հայտարարելով՝ ըստ էության, ինքը եւս դեմ էր արտահայտվել հնարավոր կարգավորմանը։

Ահա այսպես, մեր բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ բանակցային պրոցեսի վիժեցումը։

Ինչո՞ւ Կրակովյանը

Անհասկանալի է, թե 2020 թվականի հունվարին Փաշինյանն ինչո՞ւ էր հրապարակել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ներկայացված կարգավորման վերջին՝ Կրակովյան տարբերակը՝ հայտարարելով, թե սեղանին հենց այդ փաստաթուղթն է դրված, եթե հայտնի է, որ (այդ մասին ե՛ւ ՄԽ ռուսաստանցի համանախագահն է խոսել, ե՛ւ Սերժ Սարգսյանն է հայտարարել) 2019 թվականին Փաշինյանին արդեն նոր տարբերակ է առաջարկվել։ Այն, ինչպես կարելի էր դատել ՌԴ ԱԳ նախարարի եւ ՄԽ ռուս համանախագահի խոսքերից՝ 2016-ին ներկայացված եւ «Լավրովյան» հռչակված տարբերակի մոդիֆիկյացիան էր, եւ որին, ըստ Սերժ Սարգսյանի, այս իշխանությունները նախնական համաձայնություն էին տվել, եւ ապա հրաժարվել էին այդ տարբերակից՝ իրենց (նախկին իշխանությունների) իշխանությունից հեռացնելու սպառնալիքներից հետո։ Բացի այդ, պարզ չէր, թե ինչո՞ւ շրջանառությունից դուրս մնաց 2016-ի տարբերակը, ո՞ր կողմն էր այն մերժել եւ ինչո՞ւ, ու նաեւ, թե  2018-ի հունվարին ներկայացված տարբերակին հայկական կողմն այն ժամանակ համաձայնություն տվե՞լ էր։

Բայց սրանք ավելի շատ մասնագիտական դետալներ են, որոնց մենք առանձին անդրադարձ կկատարենք։ Սրանից փաստն ինքնին չի փոխվում, քանի որ կարգավորման բոլոր տարբերակները, միեւնույն է՝ ենթադրել են տարածքների վերադարձ, եւ ոչ մի տարբերակով չի եղել վերադարձ-անկախության ճանաչում սկզբունք։  

Դառնահամն անցա՞վ

Իսկ թե ինչ եղավ Կապանյան այս ասուլիսից հետո՝ հիշում ենք։ Հուլիսյան մարտեր, Սեւրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ անհասկանալի ոգեւորություն (Փաշինյանի, Արմեն Սարգսյանի, Արարատ Միրզոյանի կողմից․ հիշո՞ւմ եք՝ ինչպես էր վերջինս Ֆեյսբուքում գրել․ «Դառնահամը չի անցնում, Կարսում ու Իգդիրում հայկական դրոշը չի ծածանվում»), հետո Սարդարապատի հուշահամալիրում՝ պետական բարձր պարգեւների հանձնում «Տավուշի հաղթական մարտերի հերոսներին», որտեղ Փաշինյանը հայտարարում էր․ «Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը: Բայց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, մի կողմից, հստակեցրեցին ոչ միայն մեզ, այլև ողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը, մյուս կողմից՝ ամրապնդեցին մեր վստահությունը մեր ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը, ինչի մասին խոսել եմ հունիսի 19-ին Երեւանում տեղի ունեցած՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում»։

Հետո, թուրքական ակտիվ ներգրավմամբ՝ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ, որի արդյունքում թուրքական դրոշը սկսեց ծածանվել Աղդամում, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության անդամների պնդմամբ՝ մեր հայրենիքն էր։

Ու հիմա, այս ամենից հետո՝ ազգի եւ պետության հանդեպ իրենց գործած հանցանքը պարտակելու համար այս մարդիկ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են մեղավորության սլաքն ուղղել ամեն տեղ, բացի իրենցից։

Ու այս իրավիճակում ուզում ես հարցնել․ «տղաներ եւ աղջիկներ, գո՞հ եք, վերջը էդ դառնահամն անցա՞վ»։

Քրիստինե Խանումյան  

Նախորդ հոդվածըԸստ Զախարովայի` Կիևն զբաղված է միջուկային շանտաժով
Հաջորդ հոդվածըԼեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին