‘Ինչքանո՞վ են ուռճացրած ընտրացուցակները. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների վերջնական թիվը’

1091

ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով վաղը կայանալիք նախագահական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մասին տեղեկատվություն։

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:

Այսպես, 17.02.2013 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.505.980, որից`
— այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 14285,
— Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 502,
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1719,
— ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1628:

Հիշեցնենք, որ տարբեր հաշվարկներով Հայաստանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից  500 -800 հազար մարդ գտնվում է արտասահմանում և փաստորեն, չի կարող մասնակցել ընտրություններին: Հայաստանյան ընդդիմությունը բազմիցս փորձել է օրենսդրորեն արգելել Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներին ընդգրկել ընտրացուցակներում, սակայն ապարդյուն: Հիշեցնենք, որ դեռ 2012 թ. Խորհրդարանական ընտրություններից առաջ, ելույթ ունենալով  Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսել է  ընտրացուցակների հարցի մասին: «Բոլոր ընտրությունները և անգամ Հայաստանի ճակատագիրը կախված է չարաբաստիկ ընտրացուցակներից, որոնց մեջ ընդգրկված է անգամ ոչ թե 500, այլ 700 հազ. (ավելորդ` խմբ.) մարդ»,- ասել էր նա և նկատել, որ 2008թ. համեմատ ընտրացուցակներում ավելացնելով 175 հազ. մարդ` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հավանաբար, ցանկանում էր ցույց տալ Սերժ Սարգսյանին, որ ինքն ավելի հմուտ է այդ հարցում, քան իրեն նախորդած Ալիկ Սարգսյանը:

Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ անգամ կաշառակերությունն ու բռնությունն ընտրությունների ժամանակ չեն օգնում իշխանություններին, և նրանց միակ հույսը մնում են ընտրացուցակները:

Այս կապակցությամբ նա լրագրողներին, քաղաքագետներին և քաղաքական կուսակցություններին, ում մտահոգում է արդարությունն առաջիկա ընտրություններում, կոչ էր արել պայքարել այն բանի համար, որպեսզի ցուցակները շտկվեն և որպեսզի ընտրություններից հետո հրապարակվեն քվեարկածների ցուցակները: Նա նկատել էր, որ իր նախագահության օրոք այդ ցուցակները հրապարակվում էին, սակայն հետո իշխանությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ վերացրեց դա:

Նախորդ հոդվածը‘Բարսելոնան կամային հաղթանակ է տանում, Մեսսին՝ սահմանում հերթական ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի Քվետա քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն անցել է 80-ից’