‘Իսպանիայում «ռուսական մաֆիայի» դեմ գործողության ընթացքում ձերբակալվել է ութ հոգի’

801

Իսպանիայի իրավապահ մարմինները «ռուսական մաֆիայի» դեմ գործողությունների ընթացքում ձերբակալել են ութ հոգու, երեկ հաղորդել է Madridpress-ը:  Ձերբակալությունները կատարվել են Մալյորկա կղզում: Իսպանական իրավապահների վարկածով՝ ձերբակալվածները կապված են «տագանսկյան» կազմակերպված հանցավոր խմբավորման հետ: Բերման ենթարկվածների թվում կան և՛ Ռուսաստանի, և՛ Իսպանիայի քաղաքացիներ:

Իսպանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են դեռևս 2010 թ. մեկնարկած հատուկ գործողության շրջանակներում: Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ ոմն Ալեքսանդր Ռոմանով, ով Ռուսաստանում կասկածվում էր մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ, խոշոր ներդրումներ էր կատարել իսպանական տնտեսությունում: Մասնավորապես՝ նա Մալյորկայում վեց միլիոն եվրոյով գնել էր «Mar I Pins» հյուրանոցը: Իսպանիայի իրավապահ մարմինների վարկածով՝ Ռոմանովի և նրա հանցակիցների կողմից կատարված գործարքները ծառայել են Ռուսաստանի տարածքում ապօրինաբար ձեռք բերված փողերի լվացմանը:

Իսպանիայի իրավապահները նաև հասկացրել են, որ «ռուսական մաֆիայի» դեմ գործողությունն ավարտված չէ, և չի բացառվում, որ շուտով կլինեն այլ ձերբակալություններ ևս, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում հաստատել են գաղտնալսումների մասին տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ին անդամակցելու դեպքում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները. Մամուլ’