‘Իվանիշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության ամբողջական կազմը’

1159

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին այսօր ներկայացրել է նոր կառավարության վերջնական կազմը: Նախարարական պաշտոնների մի քանի թեկնածուների անունները Իվանիշվիլին հայտնել էր դեռևս հոկտեմբերի 8-ին, նրանցից շատերն աշխատել են դեռևս նախագահ էդուարդ Շևարդնաձեի օրոք (1993-2003թթ.) Նոր կառավարության կազմի ՝ Իվանիշվիլիի ներկայացրած ցուցակը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացվի մոտավորապես հոկտեմբերի 20-21-ին: Մինչ այդ գործող կաբինետը, հաղթանակած դաշինքի վերահսկողության ներքո, կկատարի իր պարտականությունները:

Այսօր ներկայացվել են թափուր մնացած վեց նախարարական պաշտոնների թեկնածուները: Այսպես՝ էկոնոմիկայի նախարար կդառնա Գեորգի Կվիրիկաշվիլին, ֆինանսների նախարար՝ Նոդար Խադուրին, կրթության ու գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլին, փախստականների և հարկադիր վերաբնակների գործերի նախարար՝ Դավիթ Դարախվելիձեն, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, շրջակա միջավայրի պահպանության նախարար՝ Խաթունա Գոգոլաձեն:

Ավելի վաղ ներկայացված ցուցակի համաձայն՝ պաշտոնները բաշխվել են հետևյալ կերպ. պաշտպանության նախարար, փոխվարչապետ է դառնում «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, արդարադարության նախարար՝ «Վրացական երազանք»-ից խորհրդարանի պատգամավորի թեկնածու Տեա Ցուլուկիանին, ներքին գործերի նախարար՝ «Վրացական երազանք» կաոլիցիայի առաջնորդներից մեկը, Cartu հիմնադրամի ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին, պատիժների իրականացման գործերի նախարար՝ Վրաստանի նախկին ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին, արտաքին գործերի նախարար՝ կոալիցիայի մամուլի խոսնակ Մայա Փանջիկիձեն, եվրաինտեգրացման հարցերի պետնախարար՝ կոալիցիայի ակտիվիստներից մեկը, «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսի Պետրիաշվիլին, գյուղատնտեսության նախարար՝ գյուղատնտեսության և պարենի նախկին նախարար (Շևարդնաձեի օրոք) Դավիթ Քիրվալիձեն, առողջապահության նախարար՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախկին նախարար (Շևարդնաձեի օրոք) Ամիրան Գամկրելիձեն, Ազգային բանկի ղեկավար՝ Cartu-ի տնօրեն Նոդար Ջավախիշվիլին:

Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի պաշտոնում ներկայացված է Գուրամ Օդիշարիան, որը ծնունդով Սուխումից է, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի պաշտոնում առաջարկված է Լևան Ղիփիանին՝ վրացի հայտնի ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանիի որդին, սփյուռքի հարցերի նախարարի պաշտոնում՝ Կոտե Սուրգուլաձեն, որը «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ է:

Փոխվարչապետի և տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում առաջարկված է Կախա Կալաձեի թեկնածությունը, ֆուտբոլիստ, որը «Վրացական երազանք» կոալիցիայի կուսակցական ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցրել խորհրդարանական ընտրություններում:

Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացված է փաստաբան Արչիլ Կբիլաշվիլիի թեկնածությունը:

Վերաինտեգրացման (հակամարտությունների կարգավորման) հարցերի պետնախարարի պաշտոնն առաջարկվել է քաղաքագետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Պաատա Զաքարեիշվիլիին:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլային կառաջարկվի գլխավորել Չիլիի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Հմայակ Հովհաննիսյան. Արևմունտքի նախընտրելի թեկնածուն Օսկանյանն է ‘