‘Իվանիշվիլին պատրաստ է վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները ‘

818

Վրացական ընդդիմադի «Մաեստրո» հեռուստաընկերության պատվերով exit-poll իրականացրած ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին կայացած ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ է տարել ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգերում:

Հիշեցնենք, որ մինչ այդ հայտարարվում էր, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորած ընդդիմադիր «Վրացական երազ» դաշինքը հաղթել է համամասնական ընտրակարգում՝ զիջելով մեծամասնական ընտրատարածքներում:

«97 տոկոս դեպքերում կուսակցության համամասնական ցուցակին հավանություն տված ընտրողները քվեարկել են նաեւ տվյալ կուսակցության մեծամասնակնա թեկնածուի օգտին», — ասել է Penn Schoen Berland ընկերության ներկայացուցիչը՝ այդպիսով կանխատեսելով ընդդիմության հաղթանակը նաեւ մեծամասնական ընտրապայքարում:

Ի դեպ, Բիձինա Իվանիշվիլու խորհրդական Զուրաբ Կարումիձեն արդեն ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանը պետք է վերականգնի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները:  

«Մոսկվան իսկապես ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում, — ասել է Կարումիձեն, — բայց դրան մեծ մասշտաբներ պետք չէ տալ: Պետք է Մոսկվայի հետ երկխոսություն սկսել…դա շատ դժվար կլինի, բայց սկզբնական շրջանում, որքանով ես տեղյակ եմ անձամբ Իվանիշվիլու հետ շփվելով, Մոսկվայի հետ հարաբերությունները տնտեսական բնույթ են կրելու: Պետք է նախ վերականգնել տնտեսական կապերը եւ վերջ դնել այն ռազմական հռետորաբանությանը, որը առաջ էր քաշվում Սահակաշվիլու կողմից»:

 

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիների մեծամասնությունը վստահ է Օբամայի հաղթանակի մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. Մեր համար հեշտ չի լինելու’