‘Իրանի հարցով «վեցյակի» հանդիպումը հետաձգվել է անցկացման վայրի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով’

616

Իրանի հարցով «վեցյակի» հանդիպումը հետաձգվել է անցկացման վայրի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով

Իրանի հարցով «վեցյակի» հանդիպումը հետաձգվել է այն պատճառով, որ կողմերը չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել դրա անցկացման վայրի վերաբերյալ,  երկուշաբթի  մամլո ասուլիսում  հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է РИА Новости-ն: «Հանդիպումն իսկապես հետաձգվել է, և ցավոք սրտի, հետաձգման պատճառը, ըստ իս, չափազանց անբավարար է. «վեցյակի» գծով մեր գործընկերներից ոմանք և իրանական կողմը չեն կարողանում համաձայնության գալ, թե հատկապես որտեղ՝ որ երկրում, որ քաղաքում պետք է կայանա հանդիպումը»,- ասել է Լավրովը: Նախարարն ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդիրը քննարկելու համար ռուսաստանյան կողմը պատրաստ է հանդիպել աշխարհի ցանկացած կետում և հնարավորինս շուտ: «Կարծում եմ, որ մեր բանակցությունները շատ ավելի կարևոր են, և հուսով ենք, որ, այնուամենայնիվ, բանականությունը կհաղթանակի, ու քմահաճ երեխաների պես չենք պահի մեզ»,- նկատել է Լավրովը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր ռաունդը նախատեսվում է փետրվարին: 2012 թ. «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) ներկայացուցիչները և Թեհրանը անցկացրել են երեք հանդիպում՝ Ստամբուլում (ապրիլի 14), Բաղդադում (մայիսի 23-24) և Մոսկվայում (հունիսի 18-19): Բոլոր հանդիպումներն ավարտվել են առանց որևէ իրավական որոշման: Դրանից առաջ «վեցյակի» և Իրանի միջև մեկ տարուց ավելի բանակցություններ չեն ընթացել:

 Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելը կասկածում են, որ Իրանը խաղաղ ատոմի անվան տակ միջուկային զենք է մշակում: Թեհրանը հայտարարում է, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էներգետիկ պահանջները բավարարելուն:

Նախորդ հոդվածը‘Զարմանում, զայրանում, առաջարկում ենք. Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին պաշտպանել է Իտալիայում հրեաների կոտորածին աջակցած Մուսոլինիին’