‘Իրանցի պաշտոնյա. «Իրանական միջուկային խնդրով զբաղվողների թվում ահաբեկիչներ կան»’

1074

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը երեքշաբթի, սեպտեմբերի 18-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի ազգային անվտանգության քարտուղար Սաիդ Ջալալիին: Ինչպես տեղեկացնում է թուրքական HürriyetDailyNews-ը, հանդիպման օրակարգի հիմնական հարցը Իրանի միջուկային ծրագիրն է:

 Հանդիպան նախօրյակին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին հայտարարել է, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) իր գործունեության ընթացքում կոպտագույն սխալներ է թույլ տալիս:

«ԱԷՄԳ-ում իրանական միջուկային խնդրով զբաղվողների թվում ահաբեկիչներ ու հրահրիչներ կան»,-Reuters-ի փոխանցմամբ, ասել է իրանցի պաշտոնյան: Նա նաեւ համոզմունքն է հայտնել, որ գործակալության աշխատանքներին միջամտում են «որոշ պետություններ»՝ ի նկատի ունենալով արեւմտյան երկրները:

Ավելի վաղ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Վիեննայում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ հայտարարել էր, թե Գործակալությունը չի կարող երաշխիք տալ, թե Իրանը միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ չի աշխատում: Նրա խոսքերով, Իրանը բավարար չափով չի համագործակցում միջազգային կառույցների հետ, որպեսզի հնարավոր լինի վստահաբար վերջ դնել ատոմային ռումբ ստեղծելու՝ Իրանի մտադրության մասին խոսակցություններին:

 

Նշենք, որ ԱՄՆ-ը, Արեւմուտքի մի շարք երկրների եւ Իսրայելի հետ միասին մեղադրում են Իրանին «խաղաղ» ատոմի քողի ներքո միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ: Իրանը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, թ իր ատոմային ծրագիրը բացառապես էլեկտրաէներգիայի այլընտրանքային արտադրության նպատակ է հետապնդում:

Իրանի միջուկային խնդրով զբաղվող երկրների վեցնյակը (ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա) 2003 թվականից ի վեր ԱԷՄԳ-ի հետ միասին փորձում է ստիպե Իրանին կասեցնել ուրանի հարստացման ծրագիրը, ինչը, ըստ այդ երկրների, կարող է հանգեցնել ատոմային զենքի տարածմանը:

Մինչ օրս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող չորս բանաձեւ է ընդունել: Դրանից բացի, միակողմանի կարգով նմանատիպ որոշումներ են ընդունել մի շարք երկրներ եւ կազմակերպություններ:

Նախորդ հոդվածը‘Հակաամերիկյան ցույցերը նորանոր երկրներ են գրավում. բողոքի ակցիա Բաքվում’
Հաջորդ հոդվածը‘Դժբախտ «Ռեալն» ու խաղաղ «Բարսելոնան»’