‘Իրավապաշտպան. Կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է իրենց հնարավորությունները ներդնեն՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար ‘

1909

ասում է «Իրավունքի եւ Ազատության կենտրոն» հ/կ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

Արդեն մի քանի օր է՝ ընթանում է նախընտրական քարոզարշավը: Ինքներդ ի՞նչ տպավորություններ ունեք նախագահական ընտրությունների գործընթացից, նախընտրական քարոզարշավից:

-Նախընտրական քարոզարշավ, որպես այդպիսին, չկա: Ճիշտ է` այն մեկնարկել է օրենքի տառին համապատասխան, բայց դա նախընտրական գործընթաց համարելը սխալ կլինի: Իշխանություններն, ըստ էության, կարողացան այս տարիների ընթացքում ամայացնել քաղաքական դաշտը: Արդեն տասը տարուց ավելի է, ինչ հայաստանյան իշխանությունների համար թիվ մեկ խնդիրը իրենց քաղաքական հակառակորդներին քաղաքականությունից, քաղաքական զարգացումներից, շատ դեպքերում՝ անգամ երկրից հեռացնելն է: Ընդդիմադիր քաղաքական գործիչը կամ  պետք է հայտնվի ճաղերի հետեւում, կամ պետք է սնանկացվի, կամ պետք է լքի երկիրը: Չի կարող մեկը, չլինելով իշխանության թիմում, ազատորեն զբաղվել քաղաքականությամբ եւ այս կարգի խնդիրներ չունենալ: Ունենք «փայլուն» օրինակներ` Արկադի Վարդանյանը ժամանակին հայտնվեց բանտում, սեփականազրկվեց ու ստիպված եղավ լքել երկիրը, Սուքիասյաններն ընդդիմադիր թեկնածուին պաշտպանելու համար ենթարկվեցին քրեական հետապնդման, ու նրանցից խլվեց նրանց բիզնեսի մի մասը, ընդդիմության դաշտ անցած պատգամավորները զրկվեցին մանդատից ու կալանավորվեցին, 2007-2008 թթ. բազմաթիվ գործարարներ իրենց քաղաքական կողմնորոշման պատճառով հարկային տեռորի ենթարկվեցին  ու զրկվեցին բիզնեսներից, էլ չեմ խոսում հարյուրից ավելի քաղբանտարկյալների գոյության մասին: Տարիներ շարունակ սա է եղել մեր իրականությունը: Իշխանությունները քայլ առ քայլ ու նպատակասլաց կերպով ծառայել են իրենց առաջ դրված այս կարեւոր խնդրի լուծմանը: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք` քաղաքական կենսագրություն չունեցող ու հասարակությանն անհայտ մարդիկ նախագահի թեկնածության հայտ են ներկայացնում, իսկ խորհրդարանական կուսակցությունները, հայտնի քաղաքական դեմքերը, ժողովրդի վստահությունը վայելող առաջնորդները հրաժարվում են ընտրապայքարից: Պատճառը քաղաքական դաշտի ամայացումն է:

 

Ձեր կարծիքով՝ այսօր քաղաքացին ունի՞ ընտրության, իր քվեն տեղ հասցնելու հնարավորություն, թե՞ ոչ:

-Քաղաքացին ստեղծված իրավիճակի հետեւանքով մոլորված է: Ելք չի տեսնում: Սրանով է պայմանավորված հսկայական չափերի հասնող արտագաղթը: Տնտեսական խնդիրները առաջնային չեն: Եթե մարդիկ ապրեին, թեկուզ աղքատ, բայց նորմալ մթնոլորտում, բայց հույսով, որ մի օր լավ է լինելու` չէին հեռանա: Եթե ստիպված չլինեին ամեն օր բախվել այս իրականությանը, այս ձեռնասուն դատական համակարգին, այս ամենաթողությանը, արժեքների այս կարգի արժեզրկմանը, կոռուպիոն այս կուռ համակարգին,  առկա այս ֆեոդալական բարքերին, չէին հեռանա: Մարդիկ առաջին հերթին հեռանում են հուսահատությունից, հեռանում են մեկընդմիշտ ու առանց ափսոսանքի զգացումի: Հեռանալու հնարավորությունը` տոմսի գումար ճարելը, որեւէ երկրում կացության կարգավիճակի կամ աշխատելու իրավուք ստանալը ընկալում են որպես հսկայական հաջողություն ու պարգեւ: Այս պարագայում խոսել քաղաքացու քվեն տեղ հասցնելու ցանկության մասին տեղին չէ: Վերջին անգամ ՀՀ քաղաքացին իր քվեի, այն տեղ հասցնելու ու հետագայում դրան տեր կանգնելու մասին լրջորեն մտածել է 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ ժամանակ ՀՀ քաղաքացին օգտվեց վճռական ձանի իր իրավունքից ու իր քվեն պաշտպանելու համար փողոց դուրս եկավ: Քաղաքացու այդ հաղթանակից, նրա ուժից ու վճռականությունից սարսափած իշխանությունն այլ ելք չտեսնելով` դիմեց բռնությունների, գնդակահարեց խաղաղ ցուցարարներին, բանտարկեց մարդկանց ու անմեղ մարդկանց այրան ու տառապանքների գնով կարողացավ պահպանել իր իշխանությունը: Այսօր արդեն վերարտադրվում է: Այս պահին մենք չունենք ոչ 2007-2008 թթ. մթնոլորտը եւ ոչ էլ 2007-2008 թթ. քաղաքացուն:    

Ի՞նչ եք կարծում՝ Կոնգրեսը, ԲՀԿն եւ ՀՅԴն ճի՞շտ վարվեցին՝ նախագահական ընտրությունների չմասնակցելով:

-Կարծում եմ, որ ստեղծված այս պայմաններում ձեր նշած քաղաքական ուժերը ճիշտ վճիռներ են կայացրել: Գործող իշխանությունը պատրաստ չէ ընտրությունների: Նրանք ցանկացած հերթական ընտրություն դիտարկում են որպես սեփական վերարտադրությունն օրինականացնող միջոցառում: Այլ տարբերակ նրանք չեն տեսնում, չեն ընդունում ու չեն էլ ցանկանում քննարկել: Այլ տարբերակի դեպքում, ինչպես ցույց է տալիս փորձը, նրանք դիմում են բիրտ ուժին, բռնություններին, նրանք կրակում են մարդկանց վրա: Այդպես է եղել 2003-2004-ին, այդպես է եղել 2007-2008-ին, եւ այդպես կլինի ցանկացած հերթական ընտրության պարագայում, որովհետեւ իշխանության ղեկին կանգնած են այնպիսի մարդիկ, ովքեր  պատրաստ չեն ու չեն ցանկանում իշխանությունը զիջել: Նրանք ամեն ինչ կանեն սեփական վերարտադրությունը ապահովելու համար: Այս իմաստով հերթական ընտրություններին չմասնակցելու վճիռը, կարծում եմ, արդարացված է:  Այս վճիռը ավելի քան  արդարացված կարելի կլինի համարել, եթե այս քաղաքական ուժերը իրենց հնարավորությունները ներդնեն հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունների հասնելու համար: Արտահերթ ընտրությունները կարող են երկրում փոխել ե՛ւ մթնոլորտ, ե՛ւ իրականություն:

Արման Գալոյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘Վահագն Չախալյանը ազատ կարձակվի այսօր՝ մինչև ժամը 18.00-ն’
Հաջորդ հոդվածը‘Դավոսում Մեդվեդևն առաջին անգամ շփվել է Իվանիշվիլիի հետ’