‘Լեւոն Բարսեղյան. Հայրիկյանի դեմ մահափորձի երկու անբացատրելի հանգամանքները’

2330

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ֆեյսբուք»-ում գրում է.

Մի քանի նրբին հանգամանք, որոնք մնում են անհասկանալի Հայրիկյան դեմ իրագործված մահափորձից.

1. Իրավապահների հաղորդմամբ գնդակը ունեցել է 7,62 մմ տրամաչափ (TT, NAGAN, ատրճանակներ, Կալաշնիկովի ավտոմատ, որսորդական որոշ հրացաններ), իսկ կրակոցն ըստ Հայրիկյանի, արվել է մոտիկից, սակայն ըստ բժիշկների` գնդակը մնացել է մարմնում` փափուկ հյուսվածքներում եւ այնքան անվտանգ, որ գիշերը նույնիսկ չեն վիրահատել ու այդ արեցին դեպքից 12 ժամ հետո: Այնինչ, մոտիկից արված այդպիսի տրամաչափով փամփուշտի կրակոցից հետո, գնդակը, որպես կանոն, թափանցիկ անցնում է մարմնով, մանավանդ, երբ ոսկրի չի դիպնում: Այս դեպքում գնդակը լռվել էր մարմնի մեջ:

2. Հայրիկյանի պատմելով, կրակոցն արվել է շատ մոտիկից, եւ ինքը տեսել է կրակողի դեմքը: Բնականաբար կրակողը տեսել է, որ Հայրիկյանն իրեն տեսել է: Երկու հանգամանք մնում են անբացատրելի, թե ինչու է կրակողը, որը, եթե պատվեր կատարող է, թողել է Հայրիկյանին վիրավոր, արնաքամվող ու մանավանդ` օգնություն կանչելիս: Հարեւանները լրագրողներին պատմել են, որ իրենք են լսել Հայրիկյանի օգնության կանչերը եւ օգնության հասել: Հայրիկյանի օգնության կանչերը ակնհայտորեն լսելի են եղել նաեւ կրակողի համար: Ո՞ր մի վարձու մարդասպանն է իրեն տեսած զոհին թողնում օգնություն կանչել եւ չի ավարտում պատվերը: Միայն շատ տարօրինակ կամ «սիրողական» մարդասպանը: Մյուս հանգամանքը հսկիչ կրակոցն է, երբ մարդասպանը պարտավոր է համոզված լինելու համար անպայման մի այնպիսի կրակոց արձակել, երբ ինքը կհամոզվի, որ «գործն արված է»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը պայքարում է աֆրիկյան ժանտախտի դեմ’
Հաջորդ հոդվածը