‘ԼՂՀ կառավարությունը պայքարում է աֆրիկյան ժանտախտի դեմ’

1544

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությունում քննարկվել են հանրապետությունում կրկին բռնկված աֆրիկյան ժանտախտի կանխարգելման մեխանիզմներն ու  հետագայում խոզաբուծության զարգացման հետ կապված առաջարկվող հարցերը:

 ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հիվանդության առաջացման պատճառների և առկա օջախների վերաբերյալ  գյուղնախարարի հաղորդման համաձայն` Արցախի մեկ տասնյակից ավելի  համայնքներում արձանագրվել են աֆրիկյան ժանտախտի դեպքեր:

Միջոցառումներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար առաջարկվել է  համայնքներում հաշվառել վարակված անասունների գլխաքանակը և կենտրոնացված ձևով իրականացնել անարյուն եղանակով ոչնչացումներ: Անհրաժեշտ է համարվել համայնքներում ստեղծել անասնագերեզմանոցներ, իսկ մյուս  անասուններն առնել փակ պահվածքի տակ: Վարչապետը հրահանգել է բնակիչների շրջանում համապատասխան բացատրական աշխատանքներ տանել, իսկ առաջարկվող պայմաններին չենթարկվող խոզաբույծների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ: Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև օրենսդրական կարգավորում տալ տնտեսության կարևոր այս ճյուղի հետագա զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներին:

Խորհրդկացությանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Ա. Ղարամյանը, փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետը իրավասու չէ արոտավայր տրամադրել, բայց «արդեն աշխատանքներ են տարվում»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Հայրիկյանի դեմ մահափորձի երկու անբացատրելի հանգամանքները’