‘Լեւոն Զուրաբյան. Կոռուպցիայի խայտառակ մակարդակը պարբերաբար ընտրությունները կեղծելու հետեւանք է’

716

Փաստորեն, այսօր ԵԽԽՎ նախարարների կոմիտեն նախագահում է մի երկիր, որն ինքը ունի հակադեմոկրատական պահվածք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նա մեկ շաբաթ առաջ մասնակցել է ԵԽԽՎ հերթական նստաշրջանին եւ մի քանի հարցադրումներ է կատարել Հայաստանի իշխանությունների հակաժողովրդավարական պահվածքի եւ ԵԽԽՎ նախարարների կոմիտեում հռչակած սկզբունքների եւ նպատակների հետ կապված:

«Երբ որ ես հարց ուղղեցի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ թե որքանո՞վ է համատեղելի համարում իր նախագահության հռչակած նպատակների հետ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում ունեցած անցյալի փորձը, որը Հայաստանը կուտակել է, մասնավորապես՝ Մարտի 1-ի դեպքերը եւ հանձին Տիգրան Առաքելյանի՝ քաղբանտարկյալի առկայությունը, կեղծված ընտրությունները եւ այլն, Նալբանդյանը, ըստ էության, չկարողացավ պատասխանել առաջ քաշված հարցերին», — նշեց  Զուրաբյանը:

Բայց իրականում, Զուրաբյանի խոսքով, անցյալում դրսեւորված հակադեմոկրատական պահվածքի հետ չէ միայն, որ խնդիր ունի Հայաստանը:

«ԵԽԽՎ-ում առանցքային դեբատներից մեկը կապված էր կոռուպցիայի խնդրի հետ,  եւ հիմնական զեկուցողներից մեկը ներկայացրեց մի խայտառակ իրողութուն. պարզվեց, որ ԵԽԽՎ անդամ երկրներից  5-ը աշխարհում կոռոպցիայի մակարդակով զբաղեցնում են 100-ից ներքեւ հորիզոնականներ, եւ Հայաստանն այդ ցուցակում էր: 
Բնականաբար՝ ես իմ ելույթում անդրադարձա այդ իրողությանը եւ ցույց տվեցի, թե ինչու է դա այդպես: Պարզվում է, որ այդ հինգ երկրները այն երկրներն են, որտեղ իշխանությունը ընտրութուններով չի փոխվում, քանի որ իշխանությունները սիստեմատիկորեն կեղծում են ընտրությունները», — մանրամասնեց Կոնգրեսի փոխնախագահը:

Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը նկատեց նաեւ, թե այն, որ Հայաստանը նախագահում է ԵԽԽՎ նախարարների կոմիտեում, հակառակ շատերի պատկերացումների՝ պայմանավորված չէ ինչ-որ արժանիքներով. ուղղակի այբբենական կարգով հերթը հասել է Հայաստանին, եւ 26 տարին մեկ այդպես է լինելու:  

Նախորդ հոդվածը‘Վերահսկիչ պալատ. Նախարարները նախկինում համաձայնել են Պալատի գնահատականներին’
Հաջորդ հոդվածը‘Լուսանկարչական սարքը՝ ադրբեջանցիների սարսափ (տեսանյութ)’