‘Լեւոն Զուրաբյան. Վերջ դրեք պատանդների առեւտրի այս խայտառակ քաղաքականությանը ‘

1431

Այսօր՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործին:

Լեւոն Զուրաբյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հունվարի 25-ին Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը եւ տրամադրել 20 օր՝ նոր բողոք ներկայացնելու համար: Եթե Վճռաբեկ դատարանը, կատարելով Սերժ Սարգսյանի՝ դատական իշխանությանը իջեցրած հրամանը, ուժի մեջ թողի նրանց՝համապատասխանաբար 6, 3, 2 եւ 2 տարով վերոհիշյալ ակտիվիստներին ազատազրկելու որոշումը, մենք Հայաստանում կունենանք 4 քաղբանտարկյալ:
Ազատազարկված Տիգրան Առաքելյանը եւ դեռ ազատության մեջ գտնվող մյուս երեք տղաները, ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք: 
Հարցը արդեն պաշտոնապես բարձրացնում է միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է Human Rights Watch-ը, եւ տղաների անունները արդեն հնչում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստերում՝ որպես ապացույց, որ Հայաստանը խախտում է մարդու իրավունքները եւ քաղբանտարկյալներ ունի: Տղաների ազատությունն են պահանջում նաեւ Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները:
Արդյո՞ք ժամանակը չէ հասկանալու համար, որ Տիգրան Առաքելյանին պահելով բանտում՝ դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում եւ ընդամենը ապացուցում եք, որ Հայաստանում տիրում է քինախնդիր եւ ողորմելի մի բռնապետություն, որը վախենում է անգամ մի քանի համարձակ ակտիվիստներից:
Հանուն այդ քինախնդրության՝ դուք պատրաստ եք թուլացնել Հայաստանի միջազգային վարկը եւ դիրքերը կարեւորագույն միջազգային կառույցներում: Սթափվեք, ազատեք տղաներին այդ բռնաճնշումներից եւ վերջ դրեք պատանդների առեւտրի այս խայտառակ քաղաքականությանը»:

 

Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Պետությունն ունի պետություն դառնալու պահանջը, որը, ցավոք սրտի, իրենք չեն կարողացել ապահովել’
Հաջորդ հոդվածը‘Պետռեգիստրում կապի հետ կապված խնդիրներ կան’