‘
Քիչ առաջ Երեւանի Սարյանի պուրակում ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած տոնական հավաքը: Հանդիպմանը ելույթ ունեցավ նաեւ Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա, մասնավորապես, ասաց.
«Մենք հավաքվել ենք նշելու անկախության տոնը: Պաշտոնական տոներ չեմ սիրում, երբ դրանք կազմակերպվում են վերևից, և խոսքեր են ասվում և դատարկախոսություններ են հնչում: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց ոչ ոք հարկադրված չի բերել այստեղ: Մենք ունենք անկախութուն, ի պատիվ ձեզ, մեր սերնդի, մենք ենք կերտել այդ անկախությունը: Այսօր շատերը գոհ չեն մեր պետականության այն վիճակից, որով մենք այսօր ապրում ենք: Իմ ընկերները դառը ճշմարտություններ ասացին, բայց ես ուզում եմ ասել, անլուծելի խնդիր չէ մեր պետությունը դարձնել նորմալ, արժանապատիվ պետություն:
Քաղաքագիտությունը ամենապարզ գիտությունն է, որը տեսնում է երկրի առաջ կանգնած խնդիրները և լուծում դրանք: Այսօր հինգ խնդիր եմ տեսնում ամուր, արժանապատիվ պետութուն դառնալու համար՝ հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղի հարցը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ արվելը և օրինականության հաստատումը, ուրիշ բան պետք չէ, ուրիշ հանելուկ չկա: Լուծենք այս խնդիրները և կտեսնեք ինչպիսի պետություն կդառնա Հայաստանը:
Երկու մասի եմ բաժանում խնդիրները՝ առաջին երեքը դժբախտաբար միայն մեզնից կախված չեն, պետք չէ միակողմանիորեն մեր իշխանություններին մեղադրել. եթե անեին առավելագույնը, չի նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել, որովհետև դա կախված է նաև արտաքին ուժերից: Մյուս երկուսը՝ չգողանալը, կոռուպցիան վերացնելը , օրինականության, ժողովրդավարության ապահովումը, այս երկուսը կախված է մեր իշխանություններից: Քաղաքական կամք է պետք այս հարցերը լուծելու համար: Գործող նախագահը, խորհրդակցություն հրավիրելով մեր ժողովրդին ծաղրի ենթարկելու փոխարեն, պետք է ձեռքը սեղանին խփեր ու ասեր՝ վերջ այսօրվանից չենք գողանում: Սա պիտի ասեր, ոչ թե՝ «չեք գողանում»: Եվ պիտի ասեր՝ այսօրվանից օրինականություն է հաստատվում, թող որևէ մեկը փորձի խախտել օրենքը կպատժվի:
Չեմ ուզում դառը խոսքեր ասել, այսօր այդ օրը չէ: Հիշեք, կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ»:
Տեսանյութը՝ Ա.Վեզիրյանի
‘