Լիզա Ճաղարյան. Երկու կողմն էլ թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ

1393

Այս օրերին, երբ նախկիններն իրենց «անհնազանդության» էժանագին ցուցքերով փորձում են լաոյին զարթնեցնել, որ իրենք շարունակեն մայրաքաղաքի փողոցները չափչփել, իսկ ուրիշների լաոներին ուղարկել «սուլթանի» դեմ կռվելու ու հերոսաբար նահատակվելու, հասարակության` սթափությունը դեռեւս չկորցրած հատվածը կողքից նայում ու չի դադարում ապշել ու սահմռկել այն իրողությունից, թե ո՛նց պատահեց, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները դարձան «փրկիչներ»։ Ո՛նց պատահեց, որ 2018–ին մեծամասնությունն ընտրեց օրվա «մեծարգոյին»` միմիա՛յն այն կույր ցանկությամբ, որ ազատվի այս նույն «փրկիչ» նախկինների քսանամյա լծից, եւ հիմա այդ նույն մասնակիցների մի մասը միացել է իր նախկին հոգեառներին` այժմ էլ ամեն գնով ազատվելու համար այս նույն «մեծարգոյից» եւ իր անհեթեթագույն «դրուժինայից»։

Անելանելիության այս ի՛նչ վիհի մեջ են հայտնվել Հայաստանն ու Արցախը, որ «նախկին» կոչեցյալները համարձակվում են գլուխները բարձր փողոց դուրս գալ ու պոռոտախոսել ազնվությունից, արդարությունից, հայրենասիրությունից, մարդասիրությունից, «բարձր ու վսեմ» ինչի՛ց ասես… Բոլոր այն արժեքներից, որոնք երկարուձիգ տարիներ հենց իրենք են ոչնչացրել ու կոխկռճել, նսեմացրել ու բռնաբարել։

Եվ սրանց դիմաց կանգնած է նախկին, այսպես կոչված, հեղափոխական, իսկ այժմ մի ողորմելի, վախեցած իշխանություն, որը երկու–երեք տարում այնպիսի շռնդալից արագությամբ լրացրեց նախկինների պատճառած ավերածությունների պակասը, այնպիսի «աննախադեպ հաջողությամբ» հնձեց սրանց ցանածը, դեռ մի բան էլ այնպե՛ս «գերակատարեց պլանը», որ հիմա «քաջարի հեծանվորդից» վերածվել է բունկերից հոխորտացողի, որը միայն ընդունակ է ծիկրակել դիպուկահարների ու թիկնապահների հսկա բանակի թիկունքից ու դողացող ձայնով ծվծվալ. «Բա որ դուք… Էն դուք չէի՞ք, որ… Իմ ձե՞ռն ինչ կար…»։

Ձեռդ բան չկար, նստեիր տանդ` իլիկ պտտեիր, Հայաստանն ու Արցախն առանց քեզ էլ էին քաջնազարների առատությունից շնչահեղձ լինում։ Ու որքան էլ անհավատալի է թվում, որքան էլ հրեշավոր չափերի հասնող խելագարություն է թվում, հիմա էլ են շնչահեղձ լինում այդ նույն քաջնազարների առատությունից։

Ու բարիկադի մի կողմում այժմ կանգնած է իշխանությունը կորցրած, ատելությունից ու չարությունից քլթքլթացող մի խմբակ, որի համար պետությունը քսան տարի եղել է թալանի աղբյուր, եւ ամենատխմարին էլ է հասկանալի, որ սրանք նույնիսկ Հայաստանի ինքնիշխանության կորստի գնով չեն խորշի կրկին այդ աղբյուրի ակունքի տերը  դառնալ ու լափել վերջին փշուրները։

Իսկ մյուս կողմում` ամեն ինչ տանուլ տված մի իշխանություն է (պայմանական ասած), որը մինչ օրս այնքան ապշահարված է նման դիրքի հասնելու զարմանահրաշ փաստից, որ պատրաստ է տանուլ տալ նաեւ ողջ Արցախն ու Հայաստանը` միայն թե ամեն առավոտ արթնանա «դաչայում», շուրջը նայի ու ասի. «Էս սաղ իմն ա՞… Հա էլի՛, էս սաղ ի՛մն ա»։

Եվ թե իշխանության համար այս նողկալի գզվռտոցի վերջում ինչ կմնա Հայաստանից ու Արցախից, պատկերացնել չեմ ուզում, իմ անուշիկ լաո։

Նախորդ հոդվածըՄԻՊ-ը դատապարտում է ոստիկանության ծառայողների օրենքից չբխող գործելակերպը
Հաջորդ հոդվածըՌուսաստանի հավաքականը հեռացվեց Ազգերի լիգայից