‘Լիզա Ճաղարյան. Էդ ու՞մ որդիների կյանքի հաշվին եք մեծ-մեծ հոխորտում’

2818

88-ականներն էին: Հայոց համազգային շարժման հավաքատեղին դեռ Բաղրամյան փողոցում էր: Հավաքվել էինք` մեր առաջին ազատամարտիկներին ռազմաճակատ ուղարկելու: Տղաները` ավտոմատներն ուսներին, դուրս էին գալիս շենքից, մենք էլ հաղթանակով վերադարձ էինք մաղթում մեր ընկերներին: Մի կերպ այստեղից-այնտեղից զենք էին հայթայթել, ու ինչքան զենք` այնքան ազատամարտիկ: Կռիվ էին գնում մեր ջահելները: Հիմա երեւի զարմանալի թվա` իրենք էլ էին անսահման երջանիկ, ճանապարհողներս էլ: Զենք չունեցող ջահելներն էլ մի անասելի նախանձով էին նայում զինված «բախտավորներին»…

Տաք էինք, չտես էինք, սնապարծ էինք, ինչ ասես` էի՛նք, միայն մի կարեւոր բան` չէի՛նք: Չէինք պատկերացնում, կամ` լավ չէինք պատկերացնում, կամ` շատ աղոտ էինք պատկերացնում, որ էդ տղերքից շատերը չեն վերադառնալու, ու մենք իրենց այլեւս երբեք չենք տեսնելու: Ու մենք իրենցից շատերի անունները չենք է՛լ մտապահելու:

Պատերազմը տեսանք, մինչեւ ուղնուծուծը «վայելեցինք»: Հիմա այդ նույն պատերազմական դաժան տարիների անունը դրել եք «մութուցուրտ» տարիներ: Հիմա միայն հատուկենտերն են ասում` պատերազմի ու հաղթանակի տարիներ էին: Հիմա նույնիսկ դավաճանաբար (այո՛, դա դավաճանություն է իրենց կյանքը զոհած ու զոհելու պատրաստ մեր տղաների նկատմամբ) «մութուցուրտ» ասողներն են ե՛ւ պատկերացնում, ե՛ւ գիտակցում, թե ինչ զարհուրելի բան է պատերազմը, ու այս ֆոնին` լրատվամիջոցներն ու ֆեյսբուքը ողողած ջրիկ ու անպատասխանատու պոռոտախոսությունը, թե` պետք լինի` կպատերազմենք, տո՛, Բաքու էլ կհասնենք, շատ համը հանեն` ճամփան կթեքենք` ձեռի հետ էլ Ստամբուլն արյան ծով կդարձնենք, ուղղակի նողկալի է:

88-ականներին էլ էին ձեզնմանները բազմաթիվ. ի՜նչ բոցաշունչ ճառեր էին ասում հայրենիքն անձնազոհաբար պաշտպանելու անհրաժեշտության մասին եւ նույնքան անձնազոհաբար` իրենց զավակներին արտերկիր էին փախցնում կամ ապահով տեղավորում որեւէ փափլիկ գրասենյակում: Վառոդի հոտ չառած, պատերազմում հարազատ չկորցրած սրանք ու սրանց մանկլավիկներն են այսօր զինվորական համազգեստ հագնում եւ ուղեւորվում սահմաններ` միմոսություններ անելու պատանի զինվորների առաջ: …Իսկ կրակի բերանին հենց այդ երեխաներն են, իրե՛նք չեն: Իրենք «ոսկեղենիկ» ճառերի վարպետներ են, իրե՛նց զավակներն արտերկրներում ուսանում են, որ վաղը գան, մի-մի համազգեստ էլ իրենք հագնեն ու մեծահոգաբար այցելեն սահմաններ` տասնութ տարեկաններին ոգեւորելու, որ հավեսով զոհվեն:

Հայրենիքը պաշտպանել անհրաժեշտ է, սա ոչ ոք չի վիճարկում: Բայց սեփական տներում, խաշանոցներում, ֆեյսբուքներում ու արտասահմաններում նստած` օրական հարյուր անգամ Բաքուն գրավելն ու թշնամուն «ծանր հարված» հասցնելը ուղղակիորեն գյադայության, շանտղությա՛ն գագաթնակետ է:

Եթե պատերազմն անխուսափելի է (հազա՛ր անգամ՝ Աստված մի արասցե), ուրեմն` սկսողը մե՛նք չպետք է լինենք, ինչպես որ` մենք չսկսեցինք 88-ականներին:

Եթե ուզում ենք պատերազմից խուսափել, ուրեմն` դժվար չէ հասկանալ (թե՞ ձեզ համար սա ավելի վտանգավոր է, բա որ «կերից» զրկվեք), որ այս փակուղին ենք մտել անճարակ Սերժիկ Սարգսյանի ու նրա հանցագործ ավազակախմբի ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով:

Եթե չենք ուզում մեր երեխաներին մատաղացու գառ դարձնել, ուրեմն` պետք է անհապաղ ազատվենք այս իշխանություններից եւ նստենք ու մտածենք, թե ինչպես դուրս գանք այս փակուղուց` ԱՌԱՆՑ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ:

Ձեր սնապարծ «հայրենասիրությունից» արյան հոտ է փչում:

Եվ դա ՁԵ՛Ր արյան հոտը չէ:

Քաջարինե՛րս, էդ ու՞մ որդիների կյանքի հաշվին եք մեծ-մեծ հոխորտում:

Նախորդ հոդվածը‘Խերարդո Մարտինո. «Մեսսին պետք է երջանիկ լինի այնտեղ, ուր խաղում է»’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը՝ լավագույն ռմբարկու’