Լիզա Ճաղարյան. Ձեր հալալ–զուլալն է, մի՛ փորձեք ուրիշի գրպանը գցել

1614

Այդպիսի տեսակ կա` բոլորիս քաջածանոթ, որ ինչ էլ պատահի, ինչպիսի աղետ ու ողբերգություն էլ չոքեն երկրի դռանը, չի մոռանում, որ ինքը «տուն է պահում»։

Այ, էս «տուն պահող», այսպես կոչված` վերլուծաբանների մի «գումարտակի» նախապես տրված է կուշտ լինելու ու մերձավորներին կուշտ պահելու բանալին։ Եվ այդ բանալին տվողներին` ներկա իշխանություն կոչվածները լինեն, թե իրենց ընդդիմություն հորջորջող քոչարյանասերժականները` իրենց անձնական օգտագործման դաշնակների հետ միասին, ինչ էլ որ ասեն ու գրեն իրենց գրպաններից սնվողները, ինչպիսի հյութեղ հայհոյանքներով ու պիտակավորումներով էլ օծեն իրենց հակառակորդներին, միեւնույն է` չեն գոհացնի, եթե այդ անդրադարձի մեջ չհիշատակվի Առաջին նախագահի անունը։ Հասկանալի է` միմիայն սեւ գույներով։ Ինչքան սեւ` այնքան շահեկան «տուն պահողների» համար։

Էական չի, որ այս մարդիկ այդ պատվերը կատարում են էժանագին ապաշնորհությամբ, էականն այն է, որ կատարվում է պատվերը։ Ի վերջո, պատվիրատուներն էլ, «տուն պահողներն» էլ լավ են ճանաչում իրենց ծափահարող լսարանին։ Նմանների ցանկացած բարբաջանք հալած յուղի տեղ ընդունող հանրության մեր այդ հատվածը տրամաբանել չի սիրում կամ չի կարողանում։ Ինչ աղբ ուզում ես` մատուցիր. եթե իրենց քիմքին հաճո է, չփչփացնելով կլմլմացնեն ու կուլ կտան։

Ահա այսպիսի լսարանի համար գրիչը շարժող Վախթանգ Սիրադեղյանը, որ մի ժամանակ կարծես չէր հակադրվում Լեւոն Տեր–Պետրոսյանի ու Կոնգրեսի գաղափարներին, մի օր էլ արթնացավ, ու պարզվեց` թունդ քոչարյանական է դարձել, հերթական հակաՆիկոլական «վերլուծությունն» է ծնել «Հրապարակ» անաչառագույն կայքում («Անարդարությունից, անօրինականությունից եւ… Արցախից ազատվածը»)։

Նախ` էն Իլհամն է ջղայնացրել պարոն Վախթանգին։ Հետո` էն Նիկոլը։ Էն Իլհամն, ուրեմն, Արցախի հայերի կարգավիճակի «իր տեսլականն» է ներկայացրել, պարոն Վախթանգը մի այլ ձեւի ու չափի հուզվել է (կարելի է կարծել` երեկ է իմացել, թե Իլհամն ինչ հեռահար ծրագրեր ունի Արցախի հետ կապված), հետո էլ շուռ է եկել էն Նիկոլի կողմը, թե բա` ինչի՞ չես էն Իլհամի պորտը տեղը դնում, հը՞։

Ճիշտն ասած, ինձ էնքա՜ն չի հետաքրքրում, թե ինչ հանցանքների ու ոճիրների համար են իրար քրքրում 1998–ի հեղաշրջումից հետո եւ 2018–ի շատ թավշյա հեղափոխությունից հետո իշխանության հասածները, մանավանդ` վաղուց ի վեր ակնհայտ է, որ այդ «դաժան» քննադատություններից երկու կողմն էլ միմիայն շահում է։ Ինձ հետաքրքրում է մի բան. ինչո՞ւ են Առաջին նախագահի հանդեպ վերաբերմունքի հարցում այսքան ներդաշնակ ու նախանձելի հաշտ այս «իշխանություն» կոչեցյալն ու «ընդդիմություն» հորջորջյալը։ Ինչո՞ւ է այս պարոն Վախթանգն, օրինակ, հարկադրված` անպայման իր հոդվածին մի կերպ կցել–կցմցել քսան եւ ավելի տարիներ 90–ականների հաղթանակը հյուծած ու վերջին զարհուրելի հարվածը տալու «պատիվը» սկուտեղի վրա Նիկոլին մատուցած ռոբասերժականների գործած աններելի սխալներն այդքան անճոռնի ձեւով Տեր–Պետրոսյանին վերագրել։ Որովհետեւ նման զառանցանք շրջանառելու շարժիչ ուժը (պարոն Վախթանգը ոչ առաջինն է, ոչ վերջինը. արդեն ասացի, որ գրչակների մի ողջ «գումարտակ» է աշխատում ե՛ւ իշխանության ճամբարում, ե՛ւ «ընդդիմադիր» որջերում` սեփական սխալները մեր նորագույն պատմության միակ հպարտության արժանի տարիներն արժեզրկելու համար) չեն կարող անաչառությունն ու սթափ դատողությունը լինել։ Ահավասիկ. «Հետաքրքիր է՝ ինչո՞ւ չի խոսում (Նիկոլը – Լ.Ճ.): Կարծում եմ, պատասխանն ավելի քան ակնհայտ է: Իլհամի նկարագրածը հենց այն է, ինչ ինքը մտմտացել է 2-3 տասնամյակ: Այն ժամանակվանից, երբ Տեր-Պետրոսյանի իշխանության նկատմամբ ընդդիմադիր լինելը փոխարինվել է նրա համախոհի վերածվելով: Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանի գաղափարները պարտվողականության դրսեւորումներ են, որոնց վերջնարդյունքը հենց այն է, ինչ ունենք այսօր, դա իրեն (Նիկոլին – Լ.Ճ.) չի հուզում»:

…Եվ սրա նման հիմարությունների մի ողջ շարան։

Հազարումի անգամ ասվածը նորից ասեմ պարոն Վախթանգին, վախթանգանման «տուն պահողներին» ու սրանց կերակրողներին. «պարտվողական» Լեւոն Տեր–Պետրոսյանի օրոք Արցախն ու Հայաստանը ուս–ուսի, թիկունք–թիկունքի հաղթել են, տարածքներ են ազատագրել, նաեւ` տարածքներ են գրավել` հետագայում բանակցությունների սեղանի շուրջ փոխզիջումների ճանապարհով ազատագրած տարածքների ապահովությունն ամրագրելու նպատակով։

Այդ նույն «պարտվողական» Լեւոն Տեր–Պետրոսյանը` երբեմն խստաշունչ, երբեմն` բարեկամաբար, նույնիսկ` ընկերաբար զգուշացրել է պարոն Վախթանգի ու վախթանգանմանների ստնտուներին, հետագայում նաեւ` «աննախադեպ» պատուհասին, թե ինչ վտանգ է սպառնում Արցախին, եթե «ոչմիթիզական», ասել է թե` «հաղթողական» քաջնազարությունից չհրաժարվեն։ Քանի որ լափելու մոլուցքից կուրացած քաջնազարներին ոչ Արցախն էր հետաքրքրում, ոչ` Հայաստանը, քանի որ տարիներ շարունակ զբաղված էին «ոչմիթիզական» արաղահոտ բաժակաճառերով Արցախի ու Հայաստանի քաղաքացիների գիտակցության բթացմամբ, հիմա արցախցի, թե հայաստանցի` նստած ենք փլատակների վրա` անափ անհուսությունն ու խոշտանգող անորոշությունը ցավից կծկված մեր ուսերին քաշած, հորիզոնում էլ մի մե՜ծ, անծայրածիր թվացող Եռաբլուր է` հազարավոր մարած ճրագներով։

Եվ սա դեռ վերջը չէ։ Նույնիսկ հիմա, երբ վտանգը միայն Արցախի գլխին չի կախված, վտանգված է նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը, որն, ի դեպ, նույնպե՛ս նվաճել ենք Լեւոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին, «տուն պահողների» մի խմբակ զբաղված է իր տերերի հալալ–զուլալ հոգեզավակ Նիկոլի «հաղթողական» ճամարտակությունների աղետալի հետեւանքների ահարկու բեռը դնել այդ աղետի մասին անթիվ անգամներ զգուշացնողի ուսերին։ Իսկ սա նշանակում է, որ նույնիսկ պետության կորստի վտանգն անզոր է սթափեցնել ստամոքսի գռմռոցներով առաջնորդվողներին։

Ահա թե ինչու է անորոշությունը սպանիչ, պարոն Վախթանգ ու վախթանգանման «տուն պահողներ»։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում
Հաջորդ հոդվածըՎազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետ` 18 օգոստոսի, 1994 թ. In Memoriam