Լիզա Ճաղարյան. Ստահակների հույսին մնացած Հայաստանս

1162

Երկարուձիգ տարիներ (նա նստել է Ալեքսանդր 2–րդ ազատարարի օրոք, նստել է Նիկոլայ 2–րդ արյունարբուի օրոք, նստել է նէպմանի օրոք) Հայաստանի ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Սայաթ Շիրինյանը խռովված է ու ալեկոծված։ Նրա նազուկ սիրտը մորմոքում է, քանզի վերջերս, օ՜ սարսափ, կարմիր եւ սեւ բերետավորների հայացքի մեջ «բթություն» է նկատել։

Սայաթ Շիրինյանի կակուղ հոգին ընդվզում է։ «Ոստիկանի համազգեստ կրելը դեռ չի նշանակում, որ պետք է անուղեղ լինես եւ դառնաս բութ գործիք»,– անագորույն կսկիծով մրմնջում է գնդապետ Սայաթը։

«Համազգեստ կրելը նշանակում է մտածող եւ կատարող լինել», – խորաթափանց հետեւողականությամբ հանրությանը լուսավորում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ Սայաթը։

Փորձենք հասկանալ վշտակեզ պաշտոնաթող գնդապետին։

Սայաթ Շիրինյանը, փաստորեն, սրտի խոր կսկիծով մեկ էլ հանկարծ նկատել է, որ այսօրվա իշխանությանը ծառայող ոստիկանները ցուցարարներին քաշքշելիս, ոստիկանության բաժանմունքներ քարշ տալիս չե՛ն մտածում, միա՛յն կատարում են հրամանները։ Առանց մտածելու։ Բթություն շողարձակող հայացքով։

Դե, ո՞վ լիներ կարկառուն մտածող Սայաթ Շիրինյանի փոխարեն, որ ողբերգություն չապրեր այս դժնդակ փաստից։

Իսկ ա՛յ իր ծառայության տարիներին, երբ Բազազը, խորհրդածելով եւ խոկալով, քացով խփում էր իր ենթակա ոստիկանների կոճերին, որ նրանք ավելի կատաղի հարձակվեին ցուցարարների վրա, ահա այդ քացահարվող ոստիկանների աչքերի միջից հորդում էր լուսապայծառ ապագայի հանդեպ հավատի եւ Բազազի ու նրա կամակատար տեղակալ Օսիպյանի հանդեպ սիրո ու նվիրվածության մի այնպիսի ինտելեկտուալ ու մարդասիրական սելավ, որ Ռոդենի «Մտածողը» նախանձից կպայթեր։

Ճիշտ է ասում նրբադալար հոգով Սայաթը, Ռոբերտ Քոչարյանի ոստիկանները մտածելով էին ծեծում խաղաղ ցուցարար տղամարդկանց, կանանց եւ նույնիսկ երեխաներին, հայհոյում էին ամենավերջին փողոցային խուլիգանների պես, քարշ էին տալիս ոստիկանական բաժանմունքներ` ճանապարհին «հայրաբար» ծեծելով, ոնց որ թե սպանում էլ էին (չէ՞, նրբամորմոք Սայաթ)։ Մտածում էին` բա որ հրամանը չկատարեմ, Բազազը նորից կոճերս քացահարի, ինձ էլ գործից հանեն ու էնքան հալածեն` ստիպված երկրից փախչե՞մ։

Շարունակենք դեգերել քնքուշիկ հոգով Սայաթ Շիրինյանի խորախոցված հոգու խորխորատներում։

Լրագրողներն, ուրեմն, այս մտածողին հիշեցրել են, որ նախկին իշխանությունների ժամանակ ոստիկաններն ավելի կոշտ են եղել, բիրտ ուժ են կիրառել, եւ Շիրինյանն այսպես է արձագանքել` իսկ ինչե՞ր են կատարվել նախկինում։

Սայաթն այստեղ արդեն չի թաքցնում, որ ինքը սովորական, շարքային ստահակ է։ Այլ ճանապարհ չկա. նա պարտավո՛ր է ճենճահոտ քծնանքով ողողել Քոչարյան Ռոբերտին` երեւի հուսալով, որ նա ցանկացած նենգ ճանապարհով կգա իշխանության ու իրեն գեներալ կդարձնի, ոնց որ Փաշինյան Նիկոլը Օսիպյան Վալերիկին դարձրեց։

Եվ ուրեմն, ինչե՞ր են կատարվել նախկինում։ Չէ, տասնյակ քաղաքական սպանությունների, Պողոս Պողոսյանի, Հոկտեմբերի 27–ի, դղյակների, օտար զավթիչներից առավել թշնամաբար երկիրն ասպատակող թալանչիների մասին չեմ խոսելու։

Ընդամենը հիշեցնելու եմ ընթերցողներին, թե ինչպես Սայաթենց «մտածող» ոստիկանները ենիչերիների նման լուսաբացին հարձակվեցին Ազատության հրապարակի վրաններում խաղաղ քնած ցուցարարների վրա, եւ թե ինչպես 2008–ի մարտի 1–ով ավելի «հարստացան» Հայոց պատմության արյունոտ էջերը։ Եվ թե ինչպես էին Երեւանի կենտրոնի փողոցներում այս նույն «մտածողները» հետապնդում գազանների ձեռքից փախչելու փորձ անողներին, «ձեռի հետ էլ» ջարդելով նաեւ պատահական անցորդների ոսկորները։ Եվ ի՞նչ հիմնավորմամբ էր Քոչարյան Ռոբերտը էս դիվային ծրագիրը հղացել։ Բա չեք ասի` ցուցարարները պատրաստվում էին զինված հեղաշրջում իրականացնել։ Իր չնչին հալով 2008–ի Շարժման մասնակիցներին «ստահակ» բնորոշող ահա այս ստահակ Սայաթը անգիր գիտի, որ Քոչարյան Ռոբերտի հրամանով ու Սերժիկ Սարգսյանի «շաբաշով» հարյուրավոր ցուցարարների են ձերբակալել` արյունլվիկ անելով, կողերը փշրելով, բայց ոչ մեկի վրա զենք կրելու մեղադրանք չի դրվել։ Կրկնում եմ. զինված հեղաշրջման պատրաստվող ոչ մի ցուցարար չի մեղադրվել զենք կրելու համար։ Ցուցարարներից ո՛վ էլ որ դիմել է Եվրադատարան` արդարացվել է։

Ի դեպ, «մտածող» Սայաթը գուցե մտահան արած լինի, այս փաստն էլ հիշեցնեմ. Մարտի 1–ի խանութների թալանի համար ո՛ւմ ձերբակալել են, բոլորն էլ իրենց իսկ բերանով հայտարարել են, որ Սերժիկ Սարգսյանի վստահված անձինք են եղել։

Եվս մեկ` ի դեպ։ Տասնյակ գեներալներ ցուցմունք են տվել, որ հենց Քոչարյանի անմիջական հրամանով են լուսաբացին հարձակվել Ազատության հրապարակի ցուցարարների վրա, եւ որ Արցախից զորք է բերվել` ցուցարարներին ճնշելու համար։ Արցախի՛ց, ա՛յ էն Արցախից, որ Քոչարյան Ռոբերտի հետ հիմա Ֆրանսիայի հրապարակի վրաններում փռված` Սայաթն ու իր նման ստահակները «փրկում են», զորք է բերվել Հայաստան, որ հայաստանցիներիս ջարդեն։

Մեկ «ի դեպ» եւս։ Քոչարյան Ռոբերտն ամեն ինչ անում է` Մարտի 1–ի արյունն իր վրայից մաքրելու համար (ինքը խաբար չէր), իսկ մեր այս քնքշածոր Սայաթը քծնանքի իր չափաբաժինը հղելուց «ծախում» է իր թանկագին շեֆին` «խոնարհաբար շնորհակալություն հայտնելով» նրան, որ «կամք դրսեւորեց» 2008–ի մեր «խունտայի» դեմ։

Դե, եթե առնվազն տասը անմեղ մարդ սպանելը, հարյուրավոր ցուցարարների դաժանորեն ծեծելով բանտերը լցնելը, մեկ «մտածող» ոստիկանի ցուցմունքով անմեղ մարդկանց տարիներով ազատազրկելը կամքի դրսեւորում է եւ «սահմանադրական իրավունքի իրացում» է, բա էլ ինչի՞ց եք բողոքում, պարոն գնդապետ ցուցարար։ Օրվա իշխանությունն էլ իր «սահմանադրական իրավունքն է իրացնում»` ինչքան որ «կամքը» պատում է։

Ու ընդհանրապես էդ ի՞նչ լալահառաչ տրտնջոց է. «…ուզում եմ հարց տալ դեսպաններին, մարդու իրավունքների հանձնակատարին, ինչի՞ ծպտուն չեն հանում»։

Արցախի կորցրած տարածքներն եք հետ բերելու, թուրքերին եք չոքացնելու, դեսպանների ու եսիմինչ հանձնակատարի հույսին հո չե՞ք մնացել։

Բա սազե՞ց, եքա գնդապետ մարդ ես, թիկունքիդ «միակ տղամարդ վոյին» է կանգնած, ջհանդամ թե ծպտուն չեն հանում։

Նախորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Ռոման» ու «Ֆեյենորդը» եզրափակիչում են (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ազովստալը» շարունակում է դիմադրել