‘Լինդսի Լոհանը չի ընդունում բեռնատարի հետ բախվելու մեջ իր մեղավորությունը’

620

Հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանի փաստաբանը երեքշաբթի հայտարարել է, թե իր պաշտպանյալը չի ընդունում դերասանուհուն պատկանող մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարում իր մեղավորությունը, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրեսս»-ը:

Պատահարը տեղի է ունեցել 2012-ի հունիսի 8-ին Սանտա-Մոնիկա քաղաքում (Կալիֆորնիա): Լոհանին պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենան հետեւից հարվածել է բեռնատարին:

Դերասանուհին հերքում է, որ վթարի ժամանակ գտնվել է ավտոմեքենայի ղեկին: Սակայն քննությունն, այնուամենայնիվ, մեղադրում է նրան ոչ անվտանգ երթեւեկության, ինչպես նաեւ՝ իրավապահ մարմինների աշխատանքները խոչընդոտելու մեջ: 

Վերջին շրջանում 26-ամյա Լոհանը ոչ այնքան իր դերասանական գործունեության, որքան տարատեսակ միջադեպերի պատճառով հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:

Նա մեկ անգամ չէ, որ ալկոհոլային եւ թմրանյութերից կախվածության դեմ վերականգնողական կուրսեր է անցել: 2007-ին նրան 3 տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել անսթափ վիճակում մեքենա վարելու համար, ավելի ուշ այդ ժամկետը երկարաձգվել է մեկ տարով: 

 

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշենկոն դադարեցրել է քաղաքացիական անհնազանդության ակցիան’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ոստիկանությունը ռուսական մաֆիայի գործով 21 վրացու է ձերբակալել’