‘ԼՂՀ նոր փոխվարչապետ Աղաբեկյան. Վիտալի Բալասանյանն ու Բակո Սահակյանը իմ մարտական եւ գաղափարական ընկերներն են ‘

1140

«Վարչապետի կողմից ստանձնելու եմ որոշ գործառույթների պատասխանատվություն, միասին քննարկելուց հետո որոշ բնագավառներում կիրականացնեմ ծրագրեր, որոնք ես հաճույքով կարող եմ կյանքի կոչել այդ պաշտոնում»,- iLur.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Աղաբեկյանը՝ նշելով, որ հրամանը ուժի մեջ կմտնի մոտ օրերս, իսկ, նրա խոսքերով, այդ պաշտոնում իր առաջին քայլը կլինի մասնակցությունը կառավարության ծրագրի կազմման աշխատանքներին: Հիշեցնենք, որ հայտնի է դարձել, որ ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, դաշնակցական գեներալ Արթուր Աղաբեկյանը նշանակվել է ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնում:  

Արթուր Աղաբեկյանը նաև նշեց, որ երբեք չի բացակայել Արցախից, քանի որ վերջին հինգ տարում ավելի շատ եղել է Հադրութում, քան այլ տեղ: Նրա փոխանցմամբ՝ հիմա արդեն նպատակ ունի ընտանիքով տեղափոխվել Արցախ ու շարունակել գործունեությունն այդտեղ:
Իսկ այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ներկա նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահի թեկնածու և «Սահմանադրական Արցախ» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Վիտալի Բալասանյանի հետ, պատասխանել է.
«Թե Վիտալի Բալասանյանը, թե Բակո Սահակյանը, թե Արցախը պահպանողն ու Արցախում ստեղծագործողը, թե 1988 թվականից Արցախյան շարժմանը մասնակցած ցանկացած ոք իմ մարտական ու գաղափարական ընկերներն են, այդ առումով ես երբեք այդպիսի հարց չեմ դրել իմ առջև, թե ինչ հարաբերություններ ունենամ այս կամ այն մարդու հետ: Իսկ ինչ վերաբերում է վերջին զարգացումներին՝ Բակո Սահակյանի կողքը կանգնելն ու նրա ծրագրերն իրականացնելու իմ որոշումը ես կայացրել եմ դեռևս հինգ տարի առաջ, երբ Բակո Սահակյանը մասնակցում էր նախագահական ընտրություններին: Հետագա հինգ տարիներին մասնակից եմ եղել նրա հայտարարած ծրագրերի իրականացմանը: Այս որոշմանը , որը կայացրել եմ ուղիղ հինգ տարի առաջ, տեղյակ են թե Վիտալի Բալասանյանը, թե իմ բոլոր ընկերները»,- եզրափակել է Արթուր Աղաբեկյանը՝ բացառելով ԼՂՀ նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցությունը:

Նախորդ հոդվածը‘1 500 կրակոց` սեպտեմբերի 9-ից 15-ը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանելու իր դիվանագիտական անձնակազմերը’