‘Լյուքս Ստեփանյանի հայրը փորձել է իրեն ցած նետել դատարանի շենքից’

2887

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, մեկնարկել է 2013-ի մարտի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական առաջին նիստը:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան՝ պատճառաբանելով, որ մեքենան վթարի է ենթարկվել, և չեն կարող ներկայանալ, և քանի որ  Դավիթ Խաչատրյանը պնդել է, որ իր պաշտպանները ներկա լինեն դատական նիստին, դատավորը հաջորդ դատական նիստը հայտարարել է հունվարի 29-ին՝ ժամը 14:00-ին:

Սակայն Լյուքս Ստեփանյանի հարազատները պահանջել են ապացույց, որ ամբաստանյալի պաշտպանները վթարի են ենթարկվել: Տուժողի հարազատները բողոքել են, որ դատը միտումնավոր հետաձգում են, սակայն այդ հարցին որևէ պատասխան չի տրվել:

Դատավորի հետ վիճաբանությունից հետո սպանված զինծառայողի հայրը` Իշխան Ստեփանյանը, դուրս է եկել դատավորի սենյակից և փորձել է երկրորդ հարկից ցած նետվել: Ոստիկանները կանխել են, բայց նրա ինքնազգացողությունը վատացել է:

Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, դիմելով դատավորին՝ ասել է, որ երկարաձգելով գործընթացը, միևնույն է, իրենց ցավը չի մեղմվում, իրենց ցավը ավելացնում են: «Ամբողջ Գետաշենով հեղափոխություն ենք անելու»,- հայտարարել է զինվորի մայրը:

Իշխան Ստեփանյանը, մասնավորապես, նշել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իրեն խոստացել են գործը արագ բացահայտել. «Սա՞ է նրանց խոստումը», — բացականչել է նա:

Հիշեցնենք, որ զոհված զինվորի հարազատները հուղարկավորության օրը փորձել էին դիակը Մարտունուց տեղափոխել Երեւան` ի նշան բողոքի դնելու Կառավարության շենքի առաջ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Սեւանում համոզել են հարազատներին հրաժարվել այդ մտադրությունից` խոստանալով արդար դատաքննություն անցկացնել եւ բացահայտել 19-ամյա զինվորի սպանության մեղավորին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ազգային վիճակախաղի առաջին փուլի հաղթողները ստացել են մրցանակները’
Հաջորդ հոդվածը‘Հիվանդ զինծառայողին բուժելու փոխարեն՝ ծեծել են. Մայրը հաստատում է’