‘
«Լրագրողներ՝ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Իսրայելին՝ Գազայի հատվածի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու համար, որոնց նպատակակետերը զանգվածային լրատվամիջոցների գրասենյակներն են եղել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Նման գրոհները խոչընդոտում են տեղեկատվության ազատությունը,- ասված է կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարի՝ կիրակի օրը տարածված հայտարարության մեջ:- Մենք հիշեցնում ենք Իսրայելի իշխանություններին, որ մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ ԶԼՄ-ները նույնքան պաշտպանության իրավունք ունեն, որքան քաղաքացիական բնակչությունը, և չեն կարող դիտարկվել որպես ռազմական նպատակակետեր: Եթե անգամ հարձակման թիրախ դարձած ԶԼՄ-ները սատարում են ՀԱՄԱՍ-ին, դա չի արդարացնում նրանց վրա կատարված հարձակումը,- նշել է Դելուարը և հավելել,- քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է և Ժնևի կոնվենցիաների լրջագույն խախտում, և դրա պատասխանատուները պետք է հայտնաբերվեն»:
«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ կիրակի ցերեկը իսրայելական ՌՕՈՒ-ն մի քանի հրթիռ է արձակել Գազայի «Ալ-Շավա» բիզնես-կենտրոնի ուղղությամբ, որտեղ տեղակայված են տեղական և միջազգային ԶԼՄ-ների շատ խմբագրություններ: Հարձակման արդյունքում ավերվել են «Ալ-Քուդս» հեռուստաալիքի գրասենյակները, իսկ վեց լրագրողներ վնասվածքներ են ստացել: Իսրայելական հրթիռներից տուժել են ԶԼՄ-ների ևս մի քանի գրասենյակներ՝ ռուսական Russia Today-ի, արաբական MBC-ի, «Աբու-Դաբի TB»-ի, «Ալ-Արաբիայի», Reuters-ի և այլն:
‘