‘Լրագրողները դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով` պահանջելով գնահատական տալ Շմայսի վարքագծին’

1157

Դեկտեմբերի 23–ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում բողոքի ակցիա իրականացրած լրագրողները դիմել են Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին` պահանջելով գնահատական տալ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարքագծին նիստի ժամանակ:

Պատգամավորը ակցիա իրականացնող լրագրողներին «կապիկներ» էր անվանել, ապա անվայելուչ արտահայտություններով հորդորել հեռացնել լրագրողական օթյակում բողոքի ձայնը բարձրացրած լրագրողներին:

Լրագրողները էթիկայի հանձնաժողովից պահանջում են պարտավորեցնել Առաքել Մովսիսյանին հրապարակավ ներողություն խնդրել ինչպես դահլիճում, այնպես էլ ԱԺ–ի օթյակում բողոքի գործողություն իրականացրած լրագրողներից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման վերաբերյալ նիստին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել քվեարկություն, եւ որ համաձայնագրերի վավերացման մասին որոշումն ընդունվել է 72 կողմ ձայներով:  Դեմ եւ ձեռնպահ չկար, քանի որ Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները լքել էին դահլիճը: Ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի դահլիճում հավաքել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով նիստին գրանցվելու հնարավորությունից:

Հայ-ռուսական «գազային» համաձայնագրերով Հայաստանը Ռուսաստանին է հանձնում «Հայռուսգազարդ» ՓԲԸ` կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը` վերջին երեք տարիներին կուտակված 300 միլիոն դոլար պարտքի դիմաց: Կառավարությունը մինչեւ համաձայնագրերի կնքումը գաղտնի էր պահում գազային պարտքի առկայության փաստը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետի որդին կհարցաքննվի կոռուպցիայի գործի շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ եւ Տիգրան Սարգսյանները պատասխան են տալու’