‘Սերժ եւ Տիգրան Սարգսյանները պատասխան են տալու’

1499

Արդեն իսկ այնքան ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը հայտնվելու է աշխատանքային գաղութում, եւ որ այդ մասին խոսելն էլ ավելորդ է: Այս պարագայում զարմացնում է միայն նրա գնալով աճող արհամարհանքը հայ ժողովրդի նկատմամբ եւ այն «հավեսը», որ նա դեռ ունի «գալա-ասուլիսներ» տալու եւ դատարկաբանելու համար:

Հայաստանն  իր պատմության մեջ դեռ չի ունեցել այսպիսի կառավարություն, որը մեղադրվեր ծանրագույն պետական հանցագործությունների մեջ: Սառույցն արդեն իշխանությունների ոտքերի տակից փախչում է: Ակնհայտ է արդեն, որ իշխանափոխությունը ոչ 2017-ին է լինելու, ոչ էլ 2018-ին: Ամեն ինչ շատ ավելի շուտ է տեղի ունենալու, քանի որ մեր երկիրն այդքան ռեսուրս այլեւս չունի այս ամենն իր ուսերի վրա տանելու համար: Բայց այստեղ միայն Տիգրան Սարգսյանի հարցը չէ: Սերժ Սարգսյանը ոչ միայն պաշտոնանկ չի անում Տիգրան Սարգսյանին, այլ նաեւ նրան շարունակում է վստահել, անգամ շնորհակալություն է հայտնում: Սա չի կարող վրիպել ժողովրդի աչքից: Նույնիսկ նրանք, ովքեր մինչեւ հիմա դա չէին հասկանում, այժմ  կառավարությունից առկա իրենց դժգոհությունները սահուն կերպով տեղափոխում դեպի Բաղրամյան 26:

Եթե ամեն ինչ շարունակվի հենց այսպես, ապա ամենամոտ ապագայում երկրում այնպիսի իրադարձություններ կարող են ծավալվել, որ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Րաֆֆին, ոչ ՀՅԴ գերագույն մարմինն այլեւս չեն կարող զսպել ժողովրդի ցասումն ու բողոքը: Իսկ այսօր, հանուն արդարության պետք է ընդունենք, որ արդեն իսկ ձեւավորվել է մի հուժկու ուժ, որի մեջ ընդգրկված են խորհրդարանական չորս կուսակցությունները՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», եւ գրեթե ամբողջ հայ ժողովուրդը:

Եթե իշխանություններն այնքան են կուրացել, որ չեն տեսնում այս ամենը եւ չեն տեսնում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, ապա դա արդեն իրենց նեղ անձնական խնդիրն է, իսկ ժողովուրդը կանի այն, ինչ բխում է իր եւ մեր պետության շահերից:

Չի կարող այնպես լինել, որ Տիգրան Սարգսյանը եւ նրա հովանավոր Սերժ Սարգսյանը մարսեն օֆշորային սկանդալը եւ շարունակեն հանգիստ կառավարել: Եւ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները պետք է պատասխան տան հարցին, թե ո՞ւր անհետացան Նաիրիտի համար նախատեսված միլիոնավոր դոլարները: Սերժ եւ Տիգրան Սարգսյանները անպայման պատասխան են տալու անհեթեթ բյուջեների եւ այնտեղ նախատեսված աբսուրդային ծախսերի համար:

Ժողովրդի համբերությունը հասել է գագաթնակետին: Եվ եթե իշխանությունները առաջնորդվում են այն սխալ պատկերացմամբ, թե մեր ժողովուրդը «խելոք» է եւ ոչ հեղափոխական, ապա չարաչար սխալվում են եւ զուր են հույսեր փայփայում, որ հանգիստ կմարսեն ու կանցնեն առաջ:  Այն ամենը, ինչ արել են, այդ թվում եւ ժողովրդի աղքատացումն ու արտագաղթը չի մարսվելու: Իսկ Տիգրան Սարգսյանը ճիշտ կվարվի, եթե լավ մտածի, թե ինչ պատասխան է տալու մի գիշերվա ընթացքում ազգային դրամը մեկ քառորդով արժեզրկելու եւ անհետացած ոսկու պաշարների մասին:

Իր վերջին ելույթներից մեկում  առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել էր մի քանի քայլից բաղկացած ծրագիր: Դրա կետերից մեկը, ինքնակամ հրաժարականի դեպքում, Սերժ Սարգսյանի անձի եւ գույքի լիակատար երաշխիքներն են: Հանուն անկեղծության նշենք, որ ժողովդրի զգալի մասի մոտ այս կետը լուրջ անհամաձայնություն է առաջացրել: Բայց պետք է հստակ գիտակցել, որ Լեւոն Տեր-Պետորսյանի հրապարակած դրույթը պետք է պետությանը՝ ներքին արյունից խուսափելու եւ զարգացման հրատապ ուղին բռնելու համար: Այսօր Սերժ Սարգսյանը կանգնած է  հենց այս ընտրության առաջ՝ հեռանալ Լեւոն Տեր-Պետորսյանի տարբերակո՞վ, թե՞ հեռանալ՝ ժողովրդի լայն, գուցե եւ քաղաքականապես ոչ հասուն զանգվածների սցենարով:

Վերջին օրերին,  Սերժ Սարգսյանը վաղեմության ժամկետն անցած իր վարչապետին քսի է տալիս իր  քաղաքական հակառակորդների վրա. սա հուշում է, որ իրականությունը այնուամենայնիվ Բաղրամյան 26-ում լավ չեն պատկերացնում: Ասել է թե՝ չի  բացառվում, որ Սերժ Սարգսյանը իր իսկ կամքով ընտրի Քադաֆիի ու Մուբարաքի ճանապարհը:

Արա Վահանյան    

Նախորդ հոդվածը‘Լրագրողները դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով` պահանջելով գնահատական տալ Շմայսի վարքագծին’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Եվրաասոցացման գործընթացը և սոփեստության ժամանակները. Մաս 4’