‘Լևոն Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը շատ սպառիչ ու դիպուկ պատասխան է տվել Սասուն Միքայելյանի նամակին. Մամուլ’

952

«Ճգնաժամ, պառակտում, չգիտեմ, որևէ նման խնդիր չկա, Կոնգրեսի նիստերում չի եղել ու չկա: Կոնգրեսի բոլոր կառույցներն արդյունավետ աշխատում են: Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետև մի բան է, որ մամուլով են ասում, այն էլ՝ հակասական հայտարարություններ: Նույն կուսակցության ներսում տարբեր կարծիքներ են ասվում: Ոչ ոք նման հարց ինստիտուցիոնալ կերպով ՀԱԿ քաղխորհրդում չի ներկայացրել: Հակառակը՝ ձևավորվել է լուրջ կոնսենսուս, շարունակում ենք մեր քննարկումներն ու անելիքները»,- Aгavot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ին ճգնաժամից հանելու համար ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկությանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի ճգնաժամի պատճառ լինելու իրեն ուղղված մեղադրանքներին՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Նման բան չի առաջարկվել, ինստիտուցիոնալ մոտեցման կողմնակից եմ, որևէ նման հարց որևէ կուսակցության կողմից չի դրվել: Եթե ասելիք կա, ես համարում եմ ասելիքը ձևավորված, եթե այն կոնկրետ մեխանիզմով դրվում է Կոնգրեսի քննարկմանը»:

«Առավոտը» Զուրաբյանին խնդրեց անդրադառնալ նաև ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի հայտնի հոդվածին: «Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հենց ուղղված էր Սասուն Միքայելյանի նամակը, շատ սպառիչ ու դիպուկ պատասխան է տվել: Անհամեստություն կհամարեի որևէ բան ավելացնել»,- ասաց ՀԱԿ համակարգողը:

Լ. Զուրաբյանն անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշմանն ուղղված քննադատությանը, թե մի՞թե Տեր-Պետրոսյանն իր տարիքի մասին իմացավ միայն տարեվերջին. «Եթե ուշադիր կարդաք, միայն տարիքի մասին խոսքը չի գնում: Տարիքը կարող էր նաև անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին: Իսկ դրա մասին ասված է Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ, եթե կարծում եք՝ պատճառաբանված չէ, նորից վերընթերցեք հայտարարությունը»:

Նախորդ հոդվածը‘Դպրոցներում կմեկնարկեն առարկայական օլիմպիադաներ’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ում էլ կարծում են, որ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են. Մամուլ’