‘Լևոն Զուրաբյան. Կառավարությունը թաքցնում է գազի գնի աղետալի բարձրացումը’

1234

Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց վարչապետին.
«Պարոն վարչապետ, մեզ հասած տեղեկության համաձայն՝ ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել Ռուսաստանի գազամատակարարման դիմաց ՀՀ-ի կողմից վճարումների մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն 240 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Այնինչ Հայաստանը մինչ այս վճարում էր 180 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Տարբերությունը փակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն ՀՀ-ն կվճարի իր բաժնեմասով: Վերոհիշյալ նիստում որոշվել է Հայռուսգազարդի Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20%-ը, վաճառել Ռուսաստանին 63 մլրդ դրամով: Նույն տեղեկությունների համաձայն՝ այս գործարքը կծածկի գնի տարբերությունը մինչև 2013 ապրիլի 1-ը, այդ օրվանից սկսած՝ Հայաստանն արդեն յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար պետք է վճարի 240 դոլար», — ասաց Լևոն Զուրաբյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք վարչապետը հաստատո՞ւմ է այս տեղեկությունը, եթե այո, ապա նման բախտորոշ որոշումն ինչպե՞ս կարող է ընդունվել առանց հանրային լայն քննարկման ու գաղտնի պահվել հասարակությունից, և արդյո՞ք նախագիծն ընդգրկված չպետք է լիներ մասնավորեցման ծրագրի օրենքով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարեն հարցին պատասխանեց էներգետիայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում գազի գնի վերաբերյալ, որևիցե բան հայտարարել բանակցությունների ընթացքում նպատակահարմար չէ, ավարտվելուն պես հանրությանը տեղյակ կպահվի»:

Լևոն Զուրաբյանը, հակադարձելով Արմեն Մովսիսյանին, ասաց, որ խոսքը վերաբերում է ոչ թե բանակցություններին, այլ կառավարության որոշմանը և բաժնեմասի վաճառքին:
«Դուք թաքցրել եք այդ իրողությունը մի պարզ պատճառով. դա հայտնի դառնալու պարագայում բոլորը կհասկանան, որ նախագահական ընտրություններից առաջ փորձում եք գազի գնի աղետալի բարձրացումը թաքցնել՝ ակնկալելով մինչև ընտրություններ ցնցումների բացակայություն», — արձանագրեց Լևոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Լուվրին մեկ միլիոն դոլար է հարկավոր՝ 13-րդ դարի արձանիկները ձեռք բերելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘«Խաչաղբյուր-1» և «Խաչաղբյուր-2» հէկերը կառուցվել են նախագծային շեղումներով ‘