‘Լևոն Զուրաբյան. ՀՀԿ-ի կողմից Սահմանադրության նման բռնաբարությունը անընդունելի է’

756

«ՀՀ Սահմանադրության 70-րդ կետը սահմանում է, որ ընդդիմությունը ունի քննարկում նախաձեռնելու իրավունք, եթե նույնիսկ մեծամասնությունը դեմ է: Այն, ինչ այսօր արեց ՀՀԿ-ն, Սահմանադրության խախտում է: Փաստորեն, նրանք արժեզրկում են Սահմանադրության այս կետը, ինչն էլ ցույց է տալիս նրանց արհամարհանքը Սահմանադրության ու օրենքների նկատմամբ՝ սրանով իսկ ապացուցելով, որ ՀՀԿ-ն պատրաստ չէ անցկացնել ազատ և արդար ընտրություններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ՀՀԿ-ն ներկա չգտնվեց Կոնգրեսի կողմից նախաձեռնած արտահերթ նիստին, իսկ քվորում չունենալու պատճառով էլ` նիստը չկայացավ:
Զուրաբյանի խոսքով՝ այս պարագայում ընդդիմությունը պետք է մշակի հստակ քայլեր, քանի որ իշխանությունը նման գործելաոճով ուզում է չեզոքացնել օրինական միջոցով ատելի իշխանությունը փոխելու որևէ հնարավորություն:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ տեխնիկական առումով պետք է դեռ սպասել մինչև ժամը 15-ը, թեև, ըստ նրա, իշխանության բոյկոտը արդեն ակնհայտ է:
«Չնայած չի կարելի բացառել, որ մինչև ժամը 15-ը որևէ բան կարող է փոխվել: Իսկ եթե ոչ, ընդդիմությունը քայլեր պետք է ձեռնարկի, քանի որ Սահմանադրության նման բռնաբարությունը ուղղակի անընդունելի է: Հենց այս բոյկոտը, ՀՀԿ-ի այս մեկուսացված վիճակը ապացուցում է, որ չունի ժողովրդի կողմից ոչ մի աջակցություն»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘ՀՀ Էկոնոմիկայի նախարար. Մեզ համար այդքան էական չի՝ ծագումը որտեղից է, կարևորը՝ որ կապիտալը մտնում է տնտեսություն’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունների այս քայլը ապացուցում է, որ իրենք պատրաստ չեն արդար ընտրությունների ‘